Կոմիտասի թանգարան-ինստիտուտն է: Լուսավոր բեմում ճերմակահեր մի մարդ է նստած: Այն մեկն է, ում տեսնելիս Թորիկին ու Հայաստան Մայրիկին ես հիշում ու էլի շատերին: Իր սեղանն է ու դաշնամուրը: Կոմիտասի մասին է պատմում:

 

 

Տիգրան Մանսուրյանն է:

 

 

«Կոմիտասը վատը լինել չէր կարող, իրավունք չուներ վատը լինելու»,- ներկաներին ասում է նա: Խոսում է Կոմիտասի ու կոմպոզիտոր եզրի մասին, նկատում՝ Կոմիտասը երբեք ինքն իրեն կոմպոզիտոր չի համարել, իբրև ստորագրություն գրել է՝ հավաքեց և ներդաշնակեց Կոմիտաս վարդապետը:

 

 

Մաեստրոն պատմություններ է ներկայացնում համաշխարհային մեծության դասականներից, պատմում՝ աշակերտներից մեկը Բեթհովենին ասել է, թե վերջինս սխալ է թույլ տվել՝ երկու կվինտա դրել է իրար կողքի, իսկ այդպես սխալ է: Բեթհովենը հակադարձել է՝ ես թույլ եմ տալիս, որ այդ սխալը լինի:

 

 

Մեկ այլ պատմություն էլ Մանսուրյանը ներկայացնում է Ռոսսինիի և Վագների հանդիպումից: Ռոսսինին Վագներին ասում է՝ ճիշտ է՝ ես գերմանական կրթություն չստացա, բայց ես էլ վատ Ռոսսինի չեմ:

 

 

Մաեստրոն նաև հիշում է իր հանդիպումը Կոմիտասի աշակերտներից մեկի՝ Միհրան Թումաջյանի հետ: 15 րոպե է տևել: Թումաջյանը Մանսուրյանին հրավիրել է հյուրանոցի իր համար ու խոսել Պոլիսում հայտնված «լույսի» մասին: Կոմիտասն էր այդ «լույսը» բերողը:

 

 

Մի հետաքրքիր դրվագ էլ հանդիսատեսին Մանսուրյանը ներկայացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի՝ Կոմիտասին լսելուց. Սպենդիարյանը, երբ լսել է Կոմիտասին, մտածել է՝ ապշելու բան է: Սպանդիարյանին ասել են, թե գյուղերում նրա նմանները շատ կան: Փնտրել է, և իհարկե, չի գտել: «Комитас - великий мистификатор»,- ասել է Սպենդիարյանը:

 

 

Մանսուրյանն այն համոզմանն է, որ ժողովրդական երգ ձայնագրելը նման է թիթեռը թղթին փակցնելուն: Որքան նուրբ աշխատանք, որը կարողանաս այնպես անել, որ հետո թռչի. Կոմիտասն արել է դա:

 

 

Խոսքի ավարտին մի պատմություն էլ է հիշում. պատմում է՝ ընկերներից մեկի հետ աֆրիկյան երաժշություն լսելիս են եղել, և երգերից մեկը Մանսուրյանին պարզունակ է թվացել, հետաքրքրվել է, թե ինչու է տվյալ գործն այդքան պարզունակ: «Երգողը միայնակ չի երգում, այլ ծղրիդի հետ, դա երկխոսություն է»,- լսել է ի պատասխան:

 

 

 

«Կոմիտասի երգերում ճիշտ է ծղրիդներ չկան, բայց նույնքան թափանցիկ էլ դրանք են»,- ասում է մաեստրոն ու մոտենում դաշնամուրին, հանդիսականին ներկայացնում «Քելեր ցոլեր»-ի, «Չեմ կրնա խաղա»-ի, «Հոյ նազանի»-ն մի քանի նոտա, բացատրում դրանց «նշանակությունը»:

 

 

Հետո արդեն Աննա Մայիլյանն է բեմում, երգում է «Քելեր ցոլեր», «Հով արեք», «Չեմ կրնա խաղա»: Հանդիսատեսը ծափահարում է:

 

 

Ծափահարում է նաև Մանսուրյանը, նկատում՝ այս թեմայով հանդիպումն ավարտվել չի կարող, զրույցը միայն ընդհատվում է...