Իր ընտանիքի հետ վերջերս Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովը ВКонтакте սոցցանցի իր էջում երեկ երեկոյան գրառում է արել, որով դիմել է ադրբեջանական և մասամբ էլ ռուսական ԶԼՄ-ների խմբագիրներին՝ խորհուրդ տալով մաքրել իրենց խիղճը: ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է Ստերլիգովի նամակը առանց կրճատումների:

 

 

«Ռուսական ԶԼՄ-ների հարգելի խմբագիրներ: Դիմում եմ ձեզ: 

 

 

Ադրբեջանական և ռուսական մամուլի մի մասն ամբողջ շաբաթ զրպարտեց ինձ, թե իբր ես «փախել եմ Լեռնային Ղարաբաղ»՝ թաքնվելով ՌԴ ոստիկանությունից: Ստորանալու ու ապացուցելու փոխարեն, որ դա զրպարտություն է, ես որոշեցի ընտրել ամենահեշտ տարբերակը՝ մի քանի օրով վերադառնալ Ռուսաստան, որպեսզի բոլոր զրպարտիչները պապանձվեն: 

 

 

Անցյալ երկուշաբթի Լեռնային Ղարաբաղում կայացած մեծ ասուլիսի ժամանակ ես Ռուսաստանի իրավապահներին տեղեկացրի իմ՝ չորեքշաբթի երեկոյան երեք օրով Մոսկվա վերադառնալու մասին: Գրեթե բոլոր հեռուստաալիքները և խոշոր թերթերը դրա մասին տեղեկացրին միլիոնավոր ռուսների: Մեկնեցի, ինչպես խոստացել էի, «Շերեմետևո» օդանավակայանում մեծ բրիֆինգ ունեցա, ամբողջ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ հանդիպեցի մարդկանց հետ, հարցազրույցներ տվեցի, ուղիղ եթերում ելույթ ունեցա, շաբաթ ինձ մոտ 100-ավոր մարդկանց ընդունեցի: 

 

 

Լրանում է երրորդ օրը, ինչ Մոսկվայում եմ և հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները ոչ մի հետաքրքրության իմ նկատմամբ չեն ցուցաբերում: Թեման համարում եմ փակված և վերադառնում եմ Ղարաբաղ՝ կնոջս և երեխաներիս մոտ: 

 

 

Ես շատ լավ առաջարկ ունեմ տպագիր և էլեկտրոնային մամուլի հարգելի գլխավոր խմբագիրներին, ովքեր հայտնել են միլիոնավոր մարդկանց այն մասին, որ ես «թաքնվում եմ իրավապահներից Լեռնային Ղարաբաղում», որ «ինձ 15 տարվա ազատազրկում է սպառնում» և նման այլ անհեթեթություններ՝ անվանարկելով ինձ, ներկայացնելով որպես քրեական հանցագործ: Առաջարկում եմ մաքրել ձեր խիղճը և վերականգնել իմ բարի անունը՝ հրապարակելով իմ այս հաղորդագրությունը:

 

 

Ինչ վերաբերում է Իսրայելի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, ովքեր փորձում են իմ դեմ քրգործ հարուցել, ահա թե ինչ կասեմ ձեզ. որքանով ինձ համար կարևոր էր ռուս իրավապահների կարծիքն իմ համեստ անձի մասին, այդքանով էլ ես թքած ունեմ Իսրայելի ու Ադրբեջանի կողմից սադրիչների փորձերի վրա, որոնք փաստաբանական մեխանիզմներով ձգտում են թույլ չտալ իմ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: 

 

 

Վերջ, ես գնացի երեխաներիս մոտ՝ հայկական հնագույն քաղաք Շուշի: 

 

 

Փառք Հիսուս Քրիստոսին

 

 

Գերման Ստերլիգով»: