20-րդ դարասկզբին Բաքվի նահանգապետ Ալեքսանդր Նովիկովի անձնական օրագրում արձանագրված պատմական փաստերը վերահրատարկվել են «Բաքվի ջարդեր. 1905 թ.» գրքով: Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների վրա լույս սփռող գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 22-ին:
«Անտիտոպոռ» լրատվական-վերլուծական կենտրոնի մեկնաբան, գրքի խմբագիր Վադիմ Հարությունովը տեղեկացրեց, որ այն խորհրդանշական բնույթ ունի:
«Գիրքը լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Բաքվի իրադարձությունների 110-ամյակին ընդառաջ: 1905-1906 թթ. իրադարձությունները կոչվում են հայ-թաթարական ջարդեր, իրականում Ալեքսանդր Նովիկովն իր օրագրում գրում է, որ իրադարձությունները միայն հայոց ջարդեր են: Իր օրագրում նա նկարագրում է տեղի ունեցող իրադարձությունները, խոսում հայերի դիակների մասին»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Վադիմ Հարությունովը:
Գրքի խմբագրի խոսքով՝ նա պատահական ձևով է հայտնաբերել գիրքը:
«Հին գիրք էր, լույս էր տեսել հավանաբար 10 օրինակով, վաճառքի էր հանված: Ես այն գնեցի և երբ կարդացի, որոշեցի վերահրատարկել: Հասկացա, որ գտածո է, նման բան համացանցում և գրախանութներում էլ չկար»,-նշեց նա:
Վադիմ Հարությունովի խոսքով՝ Ռուսաստանում դեռևս ոչ մի շնորհանդես չի եղել. կարդացել են նրանք, ովքեր պատվիրել են:
Գրքի հեղինակ Ալեքսանդր Նովիկովը, ըստ իր նախաբանի, գիրքը գրել է 1905 թվականի ապրիլին: Հեղինակը դարձել է արյունալի դեպքերի ականատեսը: Գրքի հիմքում վկաների պատմություններն են, ինչպես նաև հոդվածներ, նամակներ: