Ուրֆայի քրդաբնակ Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ին իրականացված ահաբեկչական գործողությունից հետո Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում եւ այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, քրդաբնակ խոշոր բնակավայրերում ցուցարարները զայրույթ են հայտնում Ուրֆայում կատարված ահաբեկչական գործողության առնչությամբ: Նրանք փողոցներում հրդեհում են աղբամանները եւ իրավապահների վրա քարեր եւ դյուրավառ հեղուկով լի շշեր նետում: Դրան ի պատասխան ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

 

 

Դրա հետ մեկտեղ թուրքական «Ջումհուրիեթ» թերթը հայտնում է, որ Ուրֆայի Ջեյլանփընար թաղամասում հայտնաբերվել է միեւնույն բնակարանում բնակվող երկու ոստիկանների գլխից գնդակահարված դիակներ: Դիակները հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները, որոնք նրանց բնակարան էին գնացել, պարզելու, թե ինչու նրանք աշխատանքի չեն ներկայացել: Հայտնի չէ, թե մարդասպաններին ինչպես է հաջողվել մտնել բնակարան եւ սպանել ոստիկաններին:

 

 

Թուրքիայի իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են հրապարակել Սուրուջում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեսանյութեր կամ լուսանկարներ:

 

 

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկներից ազատագրված Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խմբի հուլիսի 20-ին Սուրուջի մշակույթի կենտրոնի շենքի բակում կազմակերպած միջոցառման ժամանակ հզոր պայթուցիկ է գործի դրվել: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Պայթյունի հետեւանքով զոհվել է 32, վիրավորվել' ավելի քան 100 մարդ: Ահաբեկչական գործողության համար թուրքաբնակ քր դերը պատասխանատու են համարում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությանը, եւ մեղադրում իշխանություններին ԻՊ-ին խրախուսելու մեջ: