Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սուրեն Երիցյանն արձագանքել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում արտադրություն հիմնելու կառավարության կոչերին և Տավուշի մարզի Չորաթան համայնքում հիմնել տեքստիլի արտադրության ֆաբրիկա: Ֆաբրիկան հիմնադրվել է ընթացիկ տարվա փետրվարին. գործարարը նպատակ ունի նման ֆաբրիկաներ հիմնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ևս: Լրագրողների հետ զրույցում գործարար Սուրեն Երիցյանը նշեց, որ սահմանամերձ համայնքում տեքստիլի արտադրություն սկսելու ցանկությունն առաջացել է, երբ հանդիպել է ՀՀ Նախագահի հետ: «Երբ ես հանդիպեցի Նախագահի հետ, համոզվեցի, որ ամեն ինչ լավ է լինելու և կարելի է Հայաստանում սահմանամերձ համայնքում գործ սկսել: Ես տեսա, թե ինչպես Նախագահը մարզպետին հանձնարարեց աջակցել այս գործին, որից հետո մարզպետը գիշեր-ցերեկ եղել է մեր կողքին, աջակցել է բոլոր հարցերում և հիմա էլ շարունակում է աջակցել: Կառավարությունն էլ բոլոր հարցերում մեզ օգնում է, և դժգոհելու որևէ առիթ չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երիցյանը:

 

Արտադրության հիմնման նպատակով «Տավուշ տեքստիլ»-ի հիմնադիրը Չորաթան համայնքում ձեռք է բերել երկու կիսակառույց խարխուլ վիճակում գտնվող անասնագոմ: Ներկայումս վերակառուցված մեկ հարկանի արտադրամասի ընդհանուր մակերեսը 2 հազար քմ է: Ընկերությունը նախատեսում է արտադրել տարբեր նշանակության՝ գյուղատնտեսական, շինարարական, ցրտահարության դեմ եւ չքայքայվող ձեռնոցներ: Արտադրության օրական ծավալը կազմում է 16 հազար զույգ ձեռնոց, արտադրանքն արտահանվելու է Ռուսաստան եւ Բելառուս: Ընկերությունը Չորաթանում արդեն ստե ղծել է 50 աշխատատեղ՝ 100 հազար ՀՀ դրամ միջին ամսական աշատավարձով: Ներկայումս համայնքում վերակառուցվում է եւս մեկ արտադրամաս՝ 2 հազար քմ ընդհանուր մակերեսով, աշխատանքները կավարտվեն նոյեմբերի վերջին: Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո արտադրամասում կաշխատի եւս 100 աշխատակից: Երկու արտադրամասերն ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում նախատեսվում է աշխատակիցների ընդհանուր թիվը հասցնել 250-ի՝ միջին ամսական 100 հազար ՀՀ դրամ աշխատավարձով:

 

Սուրեն Երիցյանը հայտնեց, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ստեղծել ընդհանուր առմամբ շուրջ 2 հազար աշխատատեղ եւ կատարել շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարը՝ 2015-2016թթ. ընթացքում: Այս նպատակով արդեն ներդրվել է շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր բացել մարզի Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար եւ Բերդ համայնքներում:

 

Արծվաբերդ համայնքում հիմնադիրի կողմից ձեռք է բերվել 2100 քմ մակերեսով տարածք, որից 600 քմ-ում տեղակայված է համայնքի մանկապարտեզը: Այս ամիս համայնքում սկսվել են 1500 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի շենքի նոր արտադրամասի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել դեկտեմբերին: Արծվաբերդում նախատեսվում է ստեղծել շուրջ 250 աշխատատեղ:

 

Պառավաքար համայնքում նախատեսվում է ձեռք բերել երկու անասնագոմ՝ յուրաքանչյուրը 2000 քմ, վերակառուցել ու կահավորել շինությունները՝ ստեղծելով 250 աշխատատեղ: Բերդ համայնքում նախատեսվում է ձեռք բերել նախկին «Ռելեի» գործարանը՝ 2,3 հա հողատարածքով եւ 5100 քմ շենք-շինությամբ՝ վերակառուցելով այն գլխամասային արտադրամասի եւ ստեղծելով շուրջ 850 աշխատատեղ: