ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական փոփոխություններին և ներկայացրել է տասը պատճառ դրանց «ՈՉ» ասելու համար.

 

Ստորև ներկայացնում ենք թվարկված պատճառները.

 

1) Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: Հայաստանում չկա և երբեք չի եղել ո՛չ սահմանադրական և ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ: 2005-ին, երբ փոփոխվեց Սահմանադրությունը, կա՛ր դրա հրամայականը: Փոփոխվեց նախևառաջ այն պատճառով, որ նոր Սահմանադրությունը պարտադիր պետք է համաձայնեցվեր Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Երկրորդ, այնտեղ լուծվեց հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկքաղաքացիության հարցը: Եվ, վերջապես, նվազեցվեցին հանրապետության նախագահի բացարձակ լիազորությունները, դրանց մի մասը սահմանադրորեն անցավ խորհրդարանին և կառավարությանը:

 

2) Այսօրվա հիբրիդային Սահմանադրությունը պատշաճ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ճիշտ տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կարող է երաշխավորել համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին:

 

3) Այսօր քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխության համար: Չկա բավարար համախմբում այդ գաղափարի շուրջ: Կառավարման համակարգի արմատական փոփոխության համար շատ ավելի մեծ քաղաքական, քաղաքացիական և հասարակական համախմբում է անհրաժեշտ: Այսօր այդ գաղափարի շուրջ իրական որևէ համախմբում չկա:

 

4) Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռևս բավարար չեն կայացել, որպեսզի դառնան կառավարման համակարգի գլխավոր և միակ խարիսխը:

 

5) Իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա:

 

6) Բացարձակ վստահություն չկա քվեարկության համակարգի նկատմամբ: Այդ իսկ պատճառով հանրաքվեի արդյունքները, անկախ դրա ելքից, կասկածի տակ են դրվելու:

 

7) Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար:

 

8) Այն, ինչ ներկայացվել է որպես նախագիծ, լի է հակասություններով և վտանգներով, օրինակ. — Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր չարիքը՝ կայուն մեծամասնության երաշխավորումը՝ լինի դա ընտրության երկրորդ փուլով, թե բոնուսային տարբերակով, փաստացի սահմանադրական նորմ է դառնում: — Խորհրդարանի ձայների՝ 2/3-ով Սահմանադրության փոփոխության հնարավորությունը: Զինված ուժերի գլխավոր հրամանատարի անձի շուրջ անորոշ ձևակերպումները: — 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու քողի տակ Ընտրական օրենսգրքի հնարավոր այնպիսի փոփոխությունը, որը կամրագրի քվեարկության ռեյտինգային դրույթը՝ գործնականում դառնալով 100 տոկոսանոց մեծամասնական համակարգ:

 

9) Հայաստանը միակն է նախկին խորհրդային հանրապետություններից, ներառյալ բալթյան երկրները, որը փորձում է անցում կատարել խորհրդարանական նման կառավարման համակարգի: Վրաստանը հիբրիդային համակարգ ունի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Հայաստանի այսօրվա համակարգն է: Մեզ առաջարկվող համակարգի նմանը չկա նաև տարածաշրջանի մյուս երկրներում: Թուրքիան նույնպես հիբրիդային համակարգ ունի, որտեղ հանրապետության նախագահն ընտրվում է ուղղակիորեն ժողովրդի կողմից:

 

10) Լղոզված, ոչ կուռ կառավարման նման համակարգը, որտեղ երկրի առաջին դեմքը համարվելու է որևէ լիազորություն չունեցող և ժողովրդի կողմից չընտրված նախագահը, իսկ գործադիր լիազորություններով օժտված վարչապետը ամբողջական կախվածության մեջ է լինելու իր կուսակցությունից և նրա ղեկավարից, էապես կթուլացնի ապագայում հնարավոր արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը:

 

Մարտի 14–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Հայեցակարգում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում նախագահական իշխանավարման կարգից խորհրդարանականի անցնելու նպատակահարմարության հարցը։

 

Հնարավոր սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերը քննարկելու համար Սերժ Սարգսյանը մարտի 12–ին հանդիպել է մի շարք քաղաքական ուժերի' Միավորված աշխատավորական կուսակցության, ԲՀԿ–ի, «Ժառանգության», ՕԵԿ–ի, ՀԱԿ–ի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Նախագահը նաև հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ։