Պերմյակովի դատավարությունը բացառիկ զավեշտ է այն իմաստով, որ ՀՀ անկախության պատրանք է ստեղծում: ՀՀ տարածքում դատ է ընթանում, դատարանի անվանումը Հյուսիսային Կովկասի օկրուգ է, դատը ընթանում է ռուսական օրենսդրության սահմաններում, իսկ պահանջված պատիժն ուղղակի ծիծաղ է առաջացնում: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստյոպա Սաֆարյանը:

 

«Ես այդքան էլ վստահ չեմ, որ հայկական կողմը կարողանալու է շատ ավելին պահանջել, քան՝ ռուսական կողմը: Ռուսական կողմը, եթե շատ էր ցանկանում որպեսզի կրքեր չբորբոքեր, ի սկզբանե գործը կհանձներ հայկական կողմին,- ասում է պարոն Սաֆարյանը:

 

Բանախոսի կարծիքով հայկական կողմը պետք է շարունակի Գյումրիում Ավետիսյանների սպանության այլ վարկածների քննությունը՝ «Ռուս Գիքորը կարոտել էր Չիտան և ուզում էր գնալ տուն»- սա վարկած չէ և չպետք է ամեն ինչը դնել միայն Պերմյակովի վրա:

 

«Պարզվեց երիտասարդը տուն գնալու շատ «անմեղ» ցանկություն է ունեցել և որոշել է ճանապարհին փող ձեռք բերել՝ ավազակային հարձակման ճանապարհով, և վերջ: Մոռացել են անգամ ջուր խմելու վարկածը, Թուրքիայի հետ կապերի մասին էին խոսում, վարկածներ կային, թե դա Արևմուտքի կազմակերպած հերթական սադրանքն էր՝ հայ-ռուսական հարաբերությունների և ընդհանրապես Ռուսաստանի դեմ: Պարզվեց՝ շարքային հանցագործություն է, որը քննվում է ութը ամիս շարունակ»- ասաց Սաֆարյանը:

 

Փորձագետը բազմաթիվ հակասություններ է նկատել տրված ցուցմունքների միջև, իսկ այն մոտիվը, որը վկայակոչում են արժանահավատ չի համարում: