Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը (այս տարի` օգոստոսի 16-ին) ամեն տարի մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մ ատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասնությունները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու սրբազան ավանադության շնորհիվ:

 

Ավանդության համաձայն, Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրում է Երուսաղեմում Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը հարատևում է աղոթքների ու պահքի մեջ, հաճախ այցելում իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթում: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր' երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին' պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ս. Կույսը նաև պատվիրում է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնում է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցնում է մի տախտակ ու տալիս Աստվածածնին և խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապ ատում են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևում: Սենյակի վերևում երևում է Քրիստոս' հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն' Աստվածամայրն ավանդում է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում' հասկանալի դարձնելու համար նրա' երկինք փոխադրված լինելը:

 

Հուղարկավորությանը բացակա Ս. Բարթուղիմեոս առաքյալը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, այլևս չեն գտնում Ս. Կույսի մարմինն այնտեղ: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկիք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին որպես մխիթարություն:

 

Ըստ Մովսես Խորենացու, Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված տեղում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր՝ եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:

 

Աստվածածնի Վերափոխմանտոնի օրը Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Խաղողի օրհնությամբ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ' շեշտելով նրա' Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Ս. Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:


Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այդ օրը նույնպես եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ: Եկեղեցական արարողությունից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին:

 

Ուղիղ միացումը` 1in.am-ի