ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Պորտուգալիայում կայացած Սոցինտերնի խորհրդի ժողովին, որտեղ ընտրվել է Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը Վահան Հովհաննիսյանը:

«Սոցիալիստական ինտերնացիոնալը աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է, որն իր մեծության պատճառով ունի ստորաբաժանումներ: ՀՅԴ-ի հեղինակությունը շատ է աճել, և որոշումը միաձայն ընդունվեց, թուրք ներկայացուցիչը դահլիճում չէր: Վրաստանում վերստեղծված սոցիալիստական կուսակցությունն ընտրվեց որպես դիտորդ, Ադրբեջանի սոցիալիստական կուսակցությունը կորցրեց իր կարգավիճակը, քանի որ այնտեղ, բացի Ալիևի ղեկավարած կառույցներից, ոչ մի բան չկա»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ներքին քաղաքական զարգացումներին՝ լրագրողները Վահան Հովհաննիսյանից մեկնաբանություն խնդրեցին, թե ինչ գնահատական կտա նախագահական ընտրություններում քարոզարշավի ընթացքին, որին ի պատասխան՝ վերջինս հարցրեց.

«Ինչու Հայաստանում քաղաքական իրադարձությո՞ւն էլ կա»։

«Ես առանձնապես նախընտրական պրոցեսներ չեմ տեսնում, միայն միջադեպեր են լինում: Միջոցառում կա, քաղաքական պրոցես՝ ոչ: Մենք այս հարցում ճիշտ էինք, որ չմասնակցեցինք: Հիվանդ իշխանություն, հիվանդ հասարակություն: Անգամ լինելով իշխանության մեջ՝ մենք չկարողացանք այդ հիվանդությունը: Այս պահին մենք պատրաստ չենք քաղաքական պրոցեսներ սկսել, այս միջոցառումը դարձնել իսկական քաղաքական պրոցես: Ընթացքը, որը հիմա կա, ցույց է տալիս, որ մենք ճիշտ էինք: Ես քվեարկելու եմ բոլորին կողմ՝ չքվեարկելով ոչ մի դեպքում իշխանության օգտին, ես կքվեարկեմ մնացած բոլորի օգտին»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը խոսեց նաև հացադուլ հայտարարած թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասին. «Մենք չենք մտնում քաղաքական պրոցեսի մեջ, որովհետև անարդար է, Անդրիասը մտավ ցույց տալու համար, որ անարդար է: Ես անհանգստանում եմ նրա առողջության համար, բայց կարծում եմ՝ նրա կողմից դա ճիշտ քայլ է»:

Իսկ ինչ վերաբերում է մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանին, վերջինս նշեց. «Նման հայտարարություններ կարելի է ասել միայն մի դեպքում, եթե հաստատ գիտես։ Չեմ կարծում, որ նման հայտարարություններն օգտակար են» (Խմբ. խոսքն այն մասին է, որ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե իր վրա մահափորձ անողը ռուսական իմպերիալիզմն է)։ «Այդ դեպքում՝ ինչո՞ւ ոչ Ադրբեջանը, Թուրքիան։ Ինչո՞ւ պետք է ռուսական իմպերիալիզմը կրակեր Պարույր Հայրիկյանի վրա, բացի իրենից, այլ պրոարևմտյան թեկնածուներ ևս կան: Արա դուք ո՞վ եք, որ Ձեր վրա կրակեն»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, որտեղ նշված էր, թե ՀԱԿ-ը պետք է դառնա կուսակցություն, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարդացել, իսկ դա ինչո՞ւ եք ինձ հարցնում, դա ինձ հետ ի՞նչ կապ ունի»: