Այս տարվա աշնանը մեծ էկրան կբարձրանա «Շանթ» հեռուստաընկերության նկարահանած նոր գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի հեղինակը' Հարություն Ղուկասյանը:
ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են հայկական հեռուստաեթերի և կինոարտադրության լավագույն ներկայացուցիչները:
Այս առթիվ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ.
-Պարոն Մուշեղյան, ինչի՞ մասին է Ձեր կողմից նկարահանված «Որոգայթ» ֆիլմը և ի՞նչ կապ ունի հասարակությանը հայտնի «Որոգայթ» հեռուստասերիալի հետ:
-«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է համանուն սերիալի մոտիվներով և այն ինչ-որ առումով կարելի է համարել սերիալի պատմության վերարտադրումը գեղարվեստական ֆիլմում ՝ այս ժանրին բնորոշ բոլոր առանձնահատկություններով և սյուժետային ու դերասանական կազմի համալրումներով:
Պատմությունը ֆիլմում ավելի շատ կառուցված է գլխավոր հերոսի՝ Հովիկի շուրջ, ով ճակատագրի բերումով հայտնվել է քրեական աշխարհի հյուսած որոգայթներում և պայքարում է հանուն արդարության:
-Հատկապես աուդիտորիայի ո՞ր հատվածին է ֆիլմն ուղղված:
-Ֆիլմը նկարելուց կոնկրետ լսարան չի նախատեսվել, քանի որ այն առաջին հերթին հետաքրքիր պատմություն է, որը կարող է հուզել հասարակության տարբեր շերտերին: Եվ ի հակադրություն հեղեղված կոմեդիայի ժանրին՝ «Որոգայթ»-ը առանձնանում է իր դրամատիկ մոտեցմամբ՝ փորձ կատարելով հայկական կինոշուկայում ապացուցել, որ մյուս ժանրի ֆիլմերը նույնպես կարող են մրցունակ լինել և պահանջված հասարակության կողմից:
-Պատմեք, խնդրում եմ, դերասանական կազմի մասին, ովքե՞ր են մարմնավորում գլխավոր դերերը:
-Հպարտությամբ կուզեմ նշել, որ ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են հայ դերասանական աշխարհի բոհեմիան:
Հարություն Մովսիսյան, Արթուր Դարբինյան, Սոս Ջանիբեկյան, Գրիշա Աղախանյան, Սարգիս Գրիգորյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արմեն Մարգարյան, Ելենա Բորիսենկո, Մարջան Ավետիսյան, Արփի Գաբրիելյան, Սաթենիկ Հախնազարյան, Սոֆյա Պողոսյան,Վարդան Հովսեփյան, Հովակ Գալոյան, Սուրեն Թումասյան, Ստեփան Ղամբարյան և այլոք:
-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հաջողություն կունենա ֆիլմը:
Վստահ եմ, որ ֆիլմը կգնահատվի հանրության կողմից, քանի որ այնտեղ մեծ եռանդ ու նվիրվածություն է դրվել, թե’ ստեղծագործական խմբի, թե’ դերասանական կազմի և, անշուշտ, «Շանթ» հեռուստաընկերության կողմից:
-Որտե՞ղ են կատարվել նկարահանումները և ի՞նչ հետաքրքիր ռեժիսորական լուծումներով են հագեցած :
Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, սակայն ֆիլմի փոսթ-փրոդաքշն-ը՝ Ուկրաինայում:
Վստահ կարող եմ ասել, որ ֆիլմը բավականին հետաքրիր կլինի իր յուրօրինակ ռեժիսորական լուծումներով:
Ֆիլմի ստեղծման գործում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով հանդես են եկել օպերատոր՝ Սուրեն Թադևոսյանը, կոմպոզիտոր՝ Արման Էլբերտը, սցենարիստ՝ Հարություն Ղուկասյանը, պրոդյուսեր՝ Հունան Սողոյանը, նկարիչ Գագիկ Բաբայանը, հագուստների նկարիչ՝ Սոնա Սագրադովան, գրիմի նկարիչ՝ Դիանա Աղաջանյանը և այլոք:
Անուններ, որոնք արդեն տարիներ շարունակ համագործակցում են ռուսական առաջատար ֆիլմարտադրող ընկերությունների հետ: