ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է, որ քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումներն ու նրանց մոտեցումները կարևոր են, որպեսզի Սահմանադրության նոր նախագիծը լինի լիարժեք: «Ժողովրդավարությունն անընդհատ պահանջում է խնամք, և որևէ մի երկիր չի կարող ասել, որ հասել է լիարժեք ժողովրդավարության, հետևաբար, իրավական, քաղաքական համակարգի հավասարակշռված կիրառումը պետական և հանրային կյանքում շատ կարևոր է, որ խոսենք ժողովրդավարական ինստիտուտների մասին»,- ասաց Զաքարյանը' հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ցանկացած տեսակետ պետք է լինի հիմնավորված:

 

««Այո»–ն էլ, «ոչ»-ն էլ ինքնանպատակ լինել չեն կարող: Սա մի գործընթաց է, որ ամեն տարի չես իրականացնի: Ե՛վ «ոչ»-ի տանիքի տակ, և՛ «այո»-ի պետք է լինեն հիմնավորումներ: Առողջ հիմնավորումներով «ոչ» ասողներին, մենք շատ ուշադիր լսում ենք, նրանից որոշների հիմնավորումները հաշվի են առնված»,- ասաց նա և նշեց, որ կան նաև հայտարարություններ, որտեղ քաղաքական հիմնավորումներ չկան և արտահայտվում են զուտ որպես «կապրիզ»:

 

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձաժողովի տեսակետներին, պատգամավորն ասաց, որ օտարերկրյա մասնագետների առաջարկություններում կան կետեր, որոնք չեն համապատասխանում երկրի ազգային մտածողությանը, ինչը, բնականաբար, չի կարող ընդունվել: Զաքարյանն ասաց, որ շուտով խորհրդարանում նույնպես կսկսվեն Սահմանադրության նախագծի վերաբերյալ քննարկումները, որտեղ նույնպես պետք է հնչեն քաղաքական առաջարկություններ, իրավական ձեւակերպումներ: Ըստ Զաքարյանի' այս ամենը պետք է բերի նրան, որ արդյունքում հանրաքվեի դրվի նախագծի լավագույն տարբերակը: «Նոր Սահմանադրությունը պետք է ծառայի բոլորի շահերին եւ համաժողովրդականություն ստանա: Ես նկատում եմ, որ այս Սահմանադրության առնչությամբ քննարկումները, հետաքրքրությունն ու մեկնաբանություններն ավելի շատ են, քան նախորդ բարեփոխումների ժամանակ»,- ասաց Զաքարյանը' հավելելով, որ սա փաստում է, որ այժմ պետական մտածողությունն ավելի բարձր հիմքերի վրա է: