Հայաստանում ամենից քիչ թվով հանրակրթական դպրոցներ ունի Վայոց ձորի մարզը' ընդամենը 50 դպրոց, որոնիցից մեծ մասում (27 դպրոց), աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը: Հանրակրթական դպրոցների փոքր թվաքանակով հաջորդը Տավուշի մարզն է (82 դպրոց), որտեղ 37 դպրոցում սովորում է 101-300 աշակերտ, իսկ 28 դպրոցում' մինչև 100 աշակերտ:
Օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱՎԾ սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը ներկայացրեց 2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական հաստատությունների գործունեության մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվությունը:
Բաղդասարյանի խոսքով' 2014 թվականին հանրապետությունում գործել է 1437 դպրոց, որոնցից 29-ը գիշերօթիկ դպրոցներ են, 27-ը' հատուկ դպրոցներ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցներից 13-ը գտնվում են Երևանում, 4-ը' Սյունիքում, 3-ը' Լոռիում: Տավուշում և Վայոց ձորում հատուկ հանրակրթական դպրոցներ չկան: Մայրաքաղաք Երևանին է բաժին ընկնում հատուկ հանրակթական դպրոցներում սովորղ աշակերտների գերակշիռ մասը' ընդհանուր 2297-ից 1413:
«2014-2015 ուսումնական տարում դպրոց հաճախող երեխաների թիվը կազմել է 359 հազար 559 աշակերտ, ում 47.7 տոկոսը աղջիկներ են: Այնինչ աշակերտական տեղերի նախատեսված քանակը եղել է 676 հազար 558: Իսկ մշտական բնակչության դպրոցահասակ երեխաների 87.8 տոկոսն է հաճախել դպրոց: Տարրական դպրոցում այն կազմել է 93.1 տոկոս, հիմնական դպրոցներում' 92.6 տոկոս, իսկ ավագ դպրոցներում' 72.4 տոկոս: Ավագ դպրոցներում աշակերտների համախառն ընգրկվածության ցուցանիշը ցածր, քանի որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո համապատասխան տարիքի բնակչության 19.1 տոկոսն ուսումը շարունակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա փոխանցմամբ' նշված ժամանակաշրջանում ուսումն անավարտ են թողել 244 աշակերտ, որոնցից 143-ը սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, 59-ին ծնողները թույլ չեն տվել, 12-ը' ֆիզիկական և մտավոր խնդիրների պատճառով: Ուսումն անավարտ թողած աշակերտներից 25-ը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ 5 երեխա մահացել է: Ծնողների թույլ չտալու պատճառով ամենից շատ ուսումը թերի են թողել Շիրակի մարզում (11 երեխա, որոնցից մեկը' աղջիկ) և Արմավիրում (10 երեխա, որոնցից 5-ը' աղջիկ): 9-ական աշակետներ էլ ծնողների հայեցողությամբ դադարել են դպրոց հաճախել Լոռիում (որոնցից 3 աղջիկ) և Գեղարքունիքում (որոնցից 4 աղջիկ):