ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ից ՌԴ-ում է գտնվում հայկական ստորաբաժանումը:
Շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Շարահրապարակում բարձրացվել են մասնակից երկրների Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները, հնչել պետական օրհներգերը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը, բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակից երկրներից և այլք:
Զորավարժության հիմնական խնդիրների իրագործմանը զուգահեռ այս օրերի ընթացքում կազմակերպվել են նաև մարզական միջոցառումներ: Մասնակից պետությունների զինծառայողները միմյանց դեմ մրցել են տարբեր մարզաձևերում, և մեր ստորաբաժանումը լավագույն արդյունքներով արժանացել է բազմաթիվ պարգևների:
Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժության նախապատրաստական փուլի ավարտից հետո, օգոստոսի 26-ին տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը, որի ընթացքում զորախմբերը գործել են համատեղ ու ներդաշնակ կատարելով առաջադրված խնդիրները:
«Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցում են մինչև 2000 զինծառայողներ, 200 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա, ինչպես նաև շուրջ 40 միավոր ավիացիա:
ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն ընձեռող, ինչպես նաև արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովմանը միտված զորավարժության վճռական փուլը տեղի կունենա օգոստոսի 28-ին: