Ավագ դպրոցների 11-12-րդ դասարանի աշակերտներին այս ուսումնական տարվանից կթույլատրվի 80-120 դասաժամ բացակայել: Այս մասին օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը շեշտեց, որ մինչ այդ թույլատրելի բացակայություն էր համարվում 120-200 դասաժամը, որը կկիրառվի միայն հիմնական դպրոցում:

 

 

«Վերջին տարիներին նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ավագ դպրոցներում ավարտական դասարանների աշակերտների հաճախումների վրա: Ես հասկանում եմ' ինչ-որ չափի հաճախումներ դիտվում են վիճակագրական օրինաչափության մեջ: Բոլորս էլ գիտենք, որ միշտ ինչ-որ մեկը դասարանից բացակայում է: Բացակայությունների թիվը պետք է գոնե 10 տոկոս լինի, բայց ոչ 20, 30, 40, ինչպես մեր ստուգումների ընթացքում որոշ դպրոցների դեպքում է: Անցյալ ուսումնական տարվա ընթացքոմ կարգապահական տույժեր են ստացել մեր որոշ գործընկերներ: Եթե կան խնդիրներ կապված տեսչական գործառույթի հետ, կարող եք ինձ անձամբ դիմել և կիսվել դժգոհություններով: Ես պատրաստ եմ ձեզ լսել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Արմեն Աշոտյանը:

 

 

Նախարարը հավելեց, որ համատարած դժգոհություն է հնչել, թե ինչու տվյալ դպրոցը ստուգել են, իսկ մյուսը' ոչ:

 

 

«Կամ հարցնում են' ինչո՞ւ մեզ ստուգեցին 8 անգամ, մնացածներին'2: Վերջին հարցադրումը ճիշտ է, ես հանձնարարել եմ տեսչության պետին բարձրացնել ստուգումների օբյեկտիվության մակարդակը, դպրոցների ընտրությունը դարձնել հավասարաչափ»,-հավելեց նա:

 

 

Նախարարի խոսքով' 12-րդ դասարանում մենք հաճախումների հետ կապված խնդիր ունենք:

 

 

«Ավարտական դասարանում դասի չգնալու խնդիրը հատուկ է Հայաստանում վերջին տասնամյակում: Չկապել այդ խնդիրն ավագ դպրոցների և 12-ամյա ուսուցման հետ: Եթե դպրոցը 14-ամյա դարձնենք, կբացակայեն 14-րդ դասարանում: Մենք պատերազմ ենք հայտարարում այն մարդկանց, ովքեր իրենց մեսիջներով վարկաբեկում են դպրոցը: Ինչպե՞ս կարող է իրեն հարգող պրոֆեսորը, դոկտորը, որ դասավանդում է ինչ-որ բուհում, վեր կենա և ասի' դպրոց գնում ես, որ ի՞նչ անես, արի առավոտյան պարապելու: Տվյալ կրկնուսույցները հակամանկավարժական բան են անում: Կրկնուսույցույցության դեմ պայքարել պետք չէ, այն պետք է կանոնակարգել»,-շեշտեց Արմեն Աշոտյանը: