«Բարև, մայրիկի» հյուրասրահում կենսուրախ և հմայիչ Լիանա Սահակյանն է' GO TRAVEL տուրիստական գործակալության հիմնադիր- տնօրենը:
Ի՞նչ մասնագիտություն ունեք և ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք զբաղվել այս ոլորտով և ինչո՞ւ հենց GO TRAVEL անվանեցիք:
Մասնագիտությամբ ես իրավաբան եմ, սակայն վեց տարի առաջ հիմնեցի GO TRAVEL տուրիստական գործակալությունը: Ծնողներիս հետ բազմաթիվ ճամփորդություններ էի կատարել, և տուրիստական գործակալություն ունենալու միտքը վաղուց արդեն հասունացել էր ինձ մոտ: Ծնողներս հաճույքով ընդառաջեցին իմ ցանկությանը, և այն կայացավ: Գալիս են մարդիկ և ասում' GO, GO, GO' ավելացնելով իրենց ցանկացած երկրի անունը ՝ Եգիպտոս, Դուբայ, Հունաստան և այլն: Անունը ինքը ճամփորդելու հրավեր է, և շատերն են գալիս օգտվելու մեր ծառայությունից:
Շրջագայելու կարևորությունը մարդու կյանքում ինչպե՞ս եք արժևորում:
Ես համամիտ եմ այն կարծիքի հետ՝ որքան շրջագայում ես տարբեր երկրներում, այնքան բանիմաց մարդ ես դառնում: Շփվելով տարբեր ժողովուրդների մշակույթի, ավանդույթների, կենցաղի ու խոհանոցի հետ' ավելի ես բացում մտահորիզոնդ, հմտանում ես մարդկանց ճանաչելու մեջ, տարբեր քաղաքակրթությունները հղկում են հոգիդ, դարձնում ավելի բարի ու մարդասեր:
Ինչպես գիտեք, «Բարև մայրի´կ» ամսագրի ընթերցողների զգալի մասը հղի և արդեն մայրացած կանայք են. ինչպիսի՞ հանգստի տարբերակ խարհուրդ կտաք նրանց:
Եթե մայրիկն իր փոքրիկի հետ է մեկնում, խորհուրդ կտայի ընտրել մոտիկ երկիրը, ուր կարելի է թռչել հենց Երևանից: Ցանկալի է նաև, որ ընտրեն խաղաղ, առողջարար վայր, ուր ոչ թե գնան գնումներ կատարելու, այլ իսկապես հանգստանալու, կազդուրվելու: Իսկ մեծահասակ երեխաների հետ կարելի է ընտրել հանգստանալու ավելի ակտիվ տարբերակ: Հղի կանանց խորհուրդ կտայի չմոռանալ իրենց կարգավիճակը և փորձության չդիմել՝ օդանավ նստելով, այլ ընտրել Հայաստանի տարածքում որևէ զով, խաղաղ վայր և վայելել նախածննդյան անդորրը այնտեղ: Սա ասում եմ իմ փորձից ելնելով, քանի որ հղի ժամանակ ես մեկնել էի Եգիպտոս, ուր չափազանց անհանգիստ էի, խուսափում էի դուրս գալ հյուրանոցից, քանի որ դրսում տոթ էր, թեժ արև: Չգիտեի ՝ ինչ ուտել, արդյոք չի վնասի ինձ տվյալ ուտեստը, որն անծանոթ է, մի խոսքով, անընդհատ կասկածների մեջ էի և չկարողացա վայելել հանգիստը:
Ո՞րն է Ձեր երազանքի երկիրը, ուր դեռ չեք հասցրել լինել:
Իմ երազանքի երկիրը Բրազիլիան է, ու շուտով մեր ամուսնության հինգերորդ տարելիցը, կարծում եմ, կնշենք այնտեղ:
Ո՞րն է Ձեր կարգախոսը, և ինչպե՞ս եք առաջնորդվում բիզնեսում:
Բիզնեսում մեր կարգախոսն է՝
Միշտ լինել առաջատար՝ չվնասելով ոչ մեկին և չխախտելով ոչ մեկի իրավունքները:
Դուք ինքներդ մայրիկ եք, և ունեք հրաշալի աղջնակ. ինչպե՞ս եք համատեղում ղեկավարի աշխատանքը, փոքրիկի խնամքն ու դաստիարակությունը:
Աշխատանքն ինձ չի խանգարում միշտ լինել իմ փոքրիկի կողքին, քանի որ ամեն երեկո մենք միասին դուրս ենք գալիս զբոսանքի, այցելում մանկական սրճարան, խաղահրապարակներ, զվարճանքի վայրեր: Ուշ ժամերին նրա համար կարդում եմ մանկական գրականություն: Թեպետ նա դեռևս չկա չորս տարեկան, բայց կարծես իմ ընկերուհին կամ քույրը լինի, հատկապես երբ որևէ հարցի շուրջ վիճում ենք իրար հետ:
Ո՞րն է Ձեզ համար ընտանեկան երջանկության գրավականը:
Ինձ համար իդիալական է այն ընտանիքը, ուր միմյանց սիրում են, գնահատում և չեն ճնշում: Իմ ընտանիքում այդպես է. ես իմ աշխատանքն ունեմ, իսկ ամուսինս' իրենը, և մեկս մյուսին միշտ սատարում ենք թե´ աշխատանքում և թե´ կյանքում:
Ո՞րն է Ձեր կյանքի հրաշալի և անմոռանալի պահը:
Չեմ կարող նշել մի պահ. դա նույնիսկ տխուր կլիներ: Այս պահին աչքերս թարթեցի, և միանգամից մի քանի երջանիկ պահեր եկան աչքիս առաջ. Համալսարան ընդունվելս, ամուսնությանս օրը և երեխայիս լույս աշխարհ գալը: Եվ վստահ եմ, որ դեռ բազմաթիվ երջանիկ ու հիշարժան պահեր եմ վայելելու, քանի որ աշխատում եմ կյանքիս յուրաքանչյուր օրն անցկացնել հետաքրքիր ու բազմաբովանդակ:
Ի՞նչն է Ձեզ երջանկացնում:
Այնքան շատ բան է ինձ երջանկացնում, ամենափոքր մանրուքն անգամ կարող է ինձ երջանկացնել. Մեքենա վարելիս լավ երաժշտություն լսելը, փողոցով քայլելը և այլն:
Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
Ինչպես նշեցիք, Ձեր ընթերցողները ապագա մայրիկներ են: Կցանկանայի նրանց թեթև և անհոգ հղիություն, և թող լույս աշխարհ բերեն առողջ մանուկներ: