armsport.am Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Սերբիայից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո մամուլի ասուլիս տվեց:

- Ի՞նչ կասեք խաղի մասին:

- Լավ մեկնարկեցինք, ունեինք սուր պահեր, բայց կրկին պաշտպանությունում անփույթ խաղացինք, եզրից սուր փոխանցում բաց թողեցինք, եզրային պաշտպանները չկարողացան փակել… խաղում էինք էպիզոդներով, դրվագներով, ինչն անթույլատրելի է եւ դրա համար էլ պատժվեցինք: Խաղը չստացվեց, քանի որ բոլոր ֆուտբոլիստները լիովին պատրաստ չէին այսպիսի մակարդակի խաղի: Խաղավերջում էլ տեսանք, որ որոշ խաղացողներ ձգեցին մկանները, ինչը փաստում է, որ լիովին պատրաստ չէին խաղին:

- Այս խաղից հետո հիմնական կազմում փոփոխություններ լինելու՞ են:

- Իհարկե փոփոխություններ կլինեն, քանի որ կան ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ստացան, և ֆուտբոլիստներ, ովքեր չբավարարեցին ինձ: Պետք է նաեւ տեսնենք, թե արդյոք ունենք խաղացողներ, ովքեր կարող են փոխարինել այսօրվա կազմի տղաներին:

- Վնասվածքների մասին ավելի մանրամասն ի՞նչ կարելի է ասել:

- Մկանային վնասվածքներ են, բայց դեռ պետք է հաստատվի. կոնկրետ դեռ չեմ կարող ասել: Երեւանում բուժզննում կանցնեն:

- Հայաստանի հավաքականն արդեն 17 խաղ է չի կարողանում անառիկ պահել դարպասը, ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, արդյո՞ք հոգեբանական խնդիրներ էլ կային:

- Չեմ ցանկանում ասել, թե նախկինում ինչ է եղել: Ես կարող եմ խոսել իմ գլխավորությամբ անցկացրած 2 խաղերի մասին: Պորտուգալիայի հետ խաղում, այսօրվա խաղում, մենք կոպտագույն սխալներ թույլ տվեցին եւ գոլեր ընդունեցինք:

Նման դեպքում կարելի է ասել, որ կարգապահության խնդիր կա: Պաշտպանությունում մանկական սխալներ կան: Խաղացողները ստանում են հրահանգներ, որոնք չեն կատարում խաղադաշտում: Խոսքը միայն պաշտպանների մասին չէ, խոսքը թիմային պաշտպանության մասին է: Այն ֆուտբոլիստները, ովքեր չեն պահում կարգապահությունը, այլեւս դուրս չեն գա ասպարեզ, քանի դեռ ես եմ գլխավոր մարզչի պաշտոնակատարը: