Հայաստանի հավաքականը տեխնիկապես գրագետ ֆուտբոլ խաղալու ավանդույթ և բավականին ճկուն թիմ ունի, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրո 2016թ-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը:
«Դիտել եմ Սերբիա-Հայաստան հանդիպումը. բավական հավասար հնարավորություններով խաղ էր, որակյալ էր: Գիտենք, որ Հայաստանը մեկ միավոր ունի, սակայն կարող է ունենալ ավելին: Հուսով եմ, որ լավ ենք պատրաստված վաղվա խաղին: Կարծում եմ՝ Հայաստանը կարող է խաղալ տարբեր ձևերով, ունեք տեխնիկապես գրագետ ֆուտբոլ խաղալու ավանդույթ և բավականին ճկուն թիմ: Չեմ կարծում, որ Ալբանիայի հետ ոչ-ոքին բացասական հետևանք կունենա մեզ վրա, քանի որ ունենք որակյալ թիմ: Հուսով եմ, որ այն պահերը, որ չենք իրացրել Ալբանիայի դեմ խաղում, կկարողանանք իրացնել Հայաստանի դեմ: Չեմ կարծում, որ Հայաստանը կպաշտպանվի այնպես, ինչպես Ալբանիան, չեմ կարծում, որ հայերն այդպես կխաղան»: