Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալու կապակցությամբ:
Նախարարը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Շնորհավորում եմ բոլորիս ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի փայլուն ելույթների և, իհարկե, աշխարհի չեմպիոնության իր կոչումը պահպանելու կապակցությամբ: Հետևելով նրա բոլոր մենամարտերին, կրկին անգամ համոզվեցի, որ ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է, իսկ Արթուրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հավասարը չունի աշխարհում: Նրա հաղթանակը օլիմպիական չեմպիոն Ղասեմ Ռեզայի նկատմամբ համարում եմ հատկանշական և հավատով սպասում Արթուրի օլիմպիական ոսկե մեդալին:
Կեցցե'ս Արթուր ջան, մենք հպարտանում ենք քեզնով»: