ՀՀ պաշտպանության նախարարությունը Զաքիր Հասանովին խորհուրդ է տալիս չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ' նշելով, որ հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, որով նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:
Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ: