Չնայած Գերմանիան անձնագրերի ստուգում է սկսել Ավստրիայի հետ իր սահմանին՝ հունգարացի տաքսիստները փախստականներին առաջարկում են Սլովակիայով և Չեխիայով Մյունխեն հասցնել: Տաքսիստները պատրաստ են այդ ուղևորությունն իրականացնել 1000 դոլարով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Այնտեղ ոստիկաններ են կանգնած: Ձեզ ավտոբուսներ կնստեցնեն, ճամբար կտանեն: Գերմանիան փակել է սահմանը, ստուգում է անձնագրերը և Ավստրիայից ոչ ոքի չի թողնում: Բայց մենք կանցնենք Սլովակիայով և Չեխիայով»,-ասել է տաքսիստներից մեկը:

 

Մինչև Բուդապեշտ նրանք պատրաստ են հասցնել 400-500 դոլարով, իսկ մինչև Վիեննա կամ Մյունխեն` 700-1000 դոլարով` մեկ անձի համար: Սակայն, եթե փախստականների խումբը մեծ լինի, տաքսու վարորդները պատրաստ են կրկնակի էժանացնել գինը: