Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վերջնական կարծիք կհայտնի փաստաթղթի ավարտուն տարբերակն ուսումնասիրելուց հետո: «ՀԴԿ-ն լուրջ ուսումնասիրել է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և ներկայացրել է իր առաջարկները: Եթե այն կարևոր սկզբունքային հարցադրումները, որոնք մենք առաջադրել ենք, ընդունվեն, ապա մենք կողմ կլինենք այդ փոփոխություններին: Սահմանադ րական բարեփոխումների մեջ գրված է, որ սոցիալական պետության հիմքում մասնավոր սեփականությունն է, ինչը սխալ է, քանի որ պետությունը անհնար է պատկերացնել առանց պետական սեփականության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ սեպտեմբերի 15-ին կայացած հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը' հավելելով, որ Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրելու կարգը նույնպես բավական խրթին է և պարզաբանումների կարիք ունի:

 

Նա նշեց, որ ՀԴԿ-ի համար ընդունելի է Սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսված անցումը համամասնական ընտրակարգի: «Մենք կարծում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի պետք է դրվի գոնե 2016 թվականի մարտին. շտապողականությունը այս հարցում սխալ է: Եթե հանրաքվեն անցկացվի այս տարվա ընթացքում, ապա մենք հաջորդ տարվա սեպտեմբերին մենք պետք է անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-շեշտեց Արամ Սարգսյանը:

 

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել էՍահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով,և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Սերժ Սարգսյանը արդեն հանդիպել է մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների և Հանրային խորհրդի անդամների հետ: