ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 05:00-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել:

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ավազակություն կատարելու նպատակով, դիմակավորված երեք անձինք ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տուն, ատրճանակի և դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, վերջինիս ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով պատճառել են մարմնական վնասվածքներ: Ապա առերևույթ հանցագործություն կատարած անձինք կպչուն ժապավենով, պարանով ու սավանի կտորներով կապկպել են նրա ու նրա կնոջ ձեռքերը, ոտքերը, բերանը, աչքերը, կնոջ ականջներից հանել ու հափշտակել ոսկյա ականջօղերը, ինչպես նաև վերցրել տանն առկա կանխիկ գումարը՝ ազգային արժույթով ու տարադրամով, և դիմել փախուստի։

 

Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 16-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արարատ Հարությունյանն ու նրա կինը ճանաչվել են տուժողներ և հարցաքննվել:

 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։