ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, հղում անելով նախաքննությանը, հրաժարվեց պատասխանել Tert.am-ի հարցին, թե Պարույր Հայրիկյանին կրակելու կասկածանքով երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Սամվել Հարությունյանին ճանաչու՞մ է և արդյոք վերջինս վերանորոգել է իր բնակարանն ու ամառանոցը:

«Քանի դեռ նախաքննություն է գնում, ես որևէ բան չեմ կարող ասել որևէ մեկի մասին »,-ասաց Վարդան Սեդրակյանը:

Նշենք, որ Irakan. Info կայքին քանաքեռցիները, ուր ապրում է Սամվել Հարությունյանը, պատմել են, որ Սամվելը շինարար է, ամուսնացած է, ունի մեկ դուստր, թաղամասում աշխատող, հանգիստ մարդու համբավ ունի:

Հարևանները պնդել են, որ Սամվելը միշտ էլ աշխատանք է ունեցել, մինչ այս դեպքերն էլ աշխատել է նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի տանը՝ վերանորոգելով նրա բնակարանը:

Ավելին, հարևաններն ասել են, որ վերջինս վերանորոգել է նաև նրա ամառանոցը: Նրանք նշել են, որ Սամվելին գիտեն որպես շատ օրինակելի մարդ և շոկի մեջ են լսածից:

Ավելին՝ ձերբակալված Խաչատուր Պողոսյանը նույնպես Քանաքեռից է, և ինչպես պնդել են նրա հարևանները, նույնպես աշխատում է Սեդրակյանի մոտ և նրա հարևանն է:

Ի պատասխան հարցի, թե Վարդան Սեդրակյանը հարցաքննվե՞լ է, վերջինս ասաց՝ « Չէ, բայց ի՞նչի պետք է հարցաքննվեի», իսկ ստանալով պատասխանը, որ՝ «Դե, եթե այդ մարդիկ Ձեր տանն են աշխատել», ասաց. « Չեմ հարցաքննվել, պետական որևէ կառույցից որևէ զանգ չեմ ստացել»: