Սերժ Սարգսյանը մի խումբ արվեստագետների պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Հարութ Եսայու Փամբուկչյանին և Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (բեմական կեղծանունը՝ Արմենչիկ) շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Արմենչիկին և Ձախ Հարութին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու հանգամանքը լայն արձագանք ստացավ սոցցանցերում, և քննադատությունների մեծ ալիք բարձրացավ:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց արդեն վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչումներ ստացած երգչուհիներ Շուշան Պետրոսյանի և Լեյլա Սարիբեկյանի հետ:
Շուշան Պետրոսյանը նշեց, որ Ձախ Հարութն իր կատարած աշխատանքի համար, կատարած ծառայության համար, որ մատուցում է արդեն երկար տարիներ, վաղուց էր արժանի այդ կոչմանը.
«Ինչ վերաբերում է Արմենչիկին, ԱրմենՉԻԿ-ին, չեմ կարող հասկանալ, որովհետև ուզում եմ հասկանալ, իր աշխատանքը տեսնել, ծառայությունը՝ մատուցած հայրենիքին, ու չեմ գտնում:
Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է նույն հարթությունների վրա դնել Արմենչիկին և Հարութին: Ի՞նչ է վաստակել Արմենը, հանդիսատե՞ս, իսկ հայրենապահպան որևէ բան իր երգով ստեղծե՞լ է, թե՞ ոչ»:
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանն էլ նշեց, որ Ձախ Հարութին կարելի էր վաստակավորի կոչում շնորհել, իսկ Արմենչիկին՝ «իհարկե, ոչ»:
Հարցին, թե ո՞ր արժանիքի համար են տալիս նման կոչումները, Սարիբեկյանն ասաց. «Ինչի՞ համար են տալիս նման կոչումները, իմ մասով գիտեմ՝ ինձ ինչու են տվել, բայց մյուսների մասով չեմ կարող ասել»,- ասաց երգչուհին: