Փակ սահմանի առկայության պարագայում հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց ակնկալելը սխալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը' անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության պատճառներին և հայ-թուրքական հարաբերությունների ապագայի խնդրին:

 

Խոսելով Հայաստանի անկախացումից հետո Թուրքիայի կողմից սահմանը փակելու որոշման մասին' Էստուկյանը նշեց. «Փակ սահմանը սխալ է: Թուրքիայում կարծեցին, որ ղարաբաղյան շարժման ընթացքում նման շրջափակմամբ Հայաստանը կարող է ծնկի գալ, սակայն դա տեղի չունեցավ. այսօր Հայաստանի 24-րդ անկախ պետականության տարեդարձն է: Թեպետ Հայաստանը թշնամիներով է շրջափակված, բայց ծնկի չեկավ»:

 

Նա նշում է, որ բաց սահմանները կարող էին տնտեսական մեծ հեռանկարներ ունենալ' նաև ի նպաստ Թուրքիայի: Օրինակ, Հայաստանը Թուրքիայից կարող էր էլեկտրաէներգիա գնել կամ ծախել նրան, կամ գազատար ու նավթատար խողովակները Հայաստով կարող էին անցել: «Այս բոլորը երկու երկրների համար փոխադարձ շահ կարող էին ապահովել կամ դառնալ առիթ երկու երկրներին սանձելու համար: Սակայն այս ամենը չկա: Թուրքիան առանց այս ամենը հաշվի առնելու՝ միայն իր պատմական հակահայկական տրամադրությունների տակ իր եղբայր Ադրբեջանի հետ համագործակցելու համար դիմեց այս քայլին, և այսօր նրա համար շատ դժվար է վերջ տալ այդ քայլին, քանի որ ամենափոքր փորձի դեպքում անգամ, ինչպես ֆուտբոլային դիվանագիտությունը, արձանագրությունները, տեսանք, թե Ալիևն ինչ սպառնալի լեզու օգտագործեց Թուրքիայի դեմ: Այսինքն, Թուրքիան արդեն ինքն իրեն դատապարտել է այդ որոշմամբ»,- ընդգծում է Էստուկյանը:

 

Նա համոզմունք հայտնեց, որ հարաբերությունների կարգավորման հարցում հենց Թուրքիան պետք է քայլ անի: «Մենք բանակցություններով չէ, որ սահմանը փակել ենք, հետևաբար բանակցելու կարիք չունենք: Եթե Հայաստանի կառավարությունը դիմի բանակցությունների, սա կլինի նրա կյանքի ամենամեծ սխալը. թուրքերը փակել են, իրենք էլ թող բացեն: Մենք մինչ օրս որևէ պայման չենք դնում՝ ի տարբերություն թուրքական կողմի: Մենք անելու ոչինչ չունենք. կուզեք' բացեք, չեք ուզի' ոչ, ձեր խնդիրն է, մեր սահմանը միշտ բաց է: Մեզ համար Թուրքիան թշնամի երկիր է, որովհետև մեր դեմ շրջափակում է իրականցնում: Մենք Թուրքիայի հետ խոսելիք չունենք: Այս ռազմավարությունից ամենաշատը ես ինքս՝ Բագրատս եմ տուժում, բայց պետք չէ մեզ նկատի առնել, սա երկրի քաղաքականություն է: Հայաստանը երբեք պետք չէ, որ Թուրքիայի դեմ վերադառնա փոքր երկրի դիրքին: Պետք է ասի, որ մենք հավասար անկախ պետություններ ենք, ես ունեմ իմ զորքը, ունեմ իմ համակարգները, դու քո գործին գնա: Ինձ համար նշանակություն չունի, որ ինձ հետ դիվանագիտական հարաբերություններ չես հաստատել. դա թշնամական վերաբերմունք է»,- շեշտեց նա:

Արաքս Կասյան