Երևանում տեղի ունեցավ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» (Պատերազմի ու հաղթանակի մասին) խորագրով գրքի շնորհանդեսը: Ռուսերեն երկհատորյակը նվիրված է տարածաշրջանային վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական հակամարտության պատմական, իրավական և քաղաքական առանձնահատկություններին:
Լևոն Մելիք-Շահանազարյանի որդու' քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի խոսքով' այս գիրքն իր հոր կենդանության վերջին շրջանում դարձել էր նրա կյանքի ամենամեծ իմաստը, նվիրումն ու գաղափարը: «Հայրս վերջին տարիներին կյանքը նվիրել էր հրապարակախոսական-վերլուծական աշխատանքին և ամեն ինչ անում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը, հայ -թուրքական թշնամությունն ունենան ճիշտ քաղաքական-իրավական-պատմական բնութագրում, ճիշտ ընկալվեն հայ հասարակության, հատկապես երիտասարդ ուսանողների կողմից, ովքեր ապագայում զբաղվելու են հակամար տության ուսումնասիրմամբ»,- ասաց քաղաքագետը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ' նոր սերնդի ներկայացուցիչները Հրանտ Մելիք-Շահնազարյանից վարակվել են հայրենասիրությամբ: Ըստ Շարմազանովի' Լևոն Մելիք-Շահնազարյանը ոչ միայն պատմում էր այն, թե ինչ իրականում եղել է, այլև այն, թե ինչ պետք է արվի, որ այլևս նման ողբերգություններ տեղի չունենան: «Լևոն Մելիք-Շահանազարյանն իր գործի նվիրյալն էր: Նրա գործը հաղթական էր, որովհետև այսօր արդեն իր տղան է շարունակում է իր գործը: Իմ նպատակն է իմ ուսանողներին հասցնել նաև Լևոն Մելիք-Շահ նազարյանի գրքերը, մեզնից շատերը շատ բան չգիտեն, իսկ շնորհիվ Լևոնի գրքերի' իրականությունը պետք է հասցնենք հասարակությանը: Այդ աշխատություններում առկա է լավ նյութ, ինչն օգտակար է թե’ քաղաքական գործիչների, թե’ քաղաքագետների և թե’ հասարակության լայն շերտերի համար»,- ասաց Շարմազանովը:
Խոսելով Լևոն Մելիք-Շահնազարյան մարդու և գործչի մասին'«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, մասնավորապես, նշեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց տեղում իսկապես դժվար փոխարինելի են, կան մարդիկ, ում գործը, աշխատանքն իրենց համար հավատամք է, կան մարդիկ, ում գրիչը զենք է, ում բառերն ավելի լավ են խոցում թիրախները, ավելի ճշգրիտ են, քան հարյուրավոր հրթիռներ: Կան մարդիկ, ումից թշնամին սարսափում է իր իսկ որջում, կան մարդիկ' ում համար հայրենիքին ուղղված գործը նվիրում է, կան մարդիկ, ովքեր ունեն փայլուն զավակներ, ում զավակներն իրեն ծնողների հուշարձան են դարձնում գրքերը, և ինչ լավ է, որ մենք այդ մարդուն ճանաչել ենք»:
Լևոն Մելիք Շահնազարյանի գրքի նյութերի դասակարգումն իրականացրած Ելենա Խաչատրյանն իր հերթին անվանի քաղաքագետին բնութագրեց որպես զինվոր և հրամանատար, դիվանագետ և քաղաքագետ, մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովորին: «Նա ուներ երկու կուռք՝ հայոց հողը և անպարտելի հայ զինվորը»,- նկատեց տիկին Խաչատրյանը:
Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թ. Կիրովաբադում: 1974թ. ընդունվել է Տաշքենդի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թ. Մելիք-Շահնազարյանը տեղափոխվել է Արցախ: Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակում հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: 1991թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ. ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահության անդամ:
Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հեղինակել է ավելի քան 500 քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ: Նա ղեկավարում էր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը: Լևոն Մելիք-Շահնազարյանը երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է 2015թ. օգոստոսի 11-ին: