Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ:

 

Սերժ Սարգսյանը և Մատեո Ռենցին քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

 

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերը մշտապես զարգացել են փոխըմբռնման ոգով, սակայն, նրանց կարծիքով, երկու երկրների ներուժը թույլ է տալիս առավել սերտացնել երկկողմ հարաբերությունները: ՀՀ Նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են երկու երկրների միջև կայուն քաղաքական երկխոսության ակտիվացումը, որին, զրուցակիցների համոզմամբ, կարող են զգալիորեն նպաստել հաճախակի փոխայցերը: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. ապրիլին Իտալիա կատարած իր պաշտոնական այցը և դրա ընթացքում Նախագահ Սերջո Մատարելայի հետ ունեցած բովանդակալից ու հետաքրքիր հանդիպումը:

 

Հանրապետության Նախագահն ընդգծել է, թե համատեղ ջանքերով երկու երկրները կարող են որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև' համագործակցությունը Եվրոպական Միության շրջանակներում։

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իտալիան Հայաստանի համար կարևոր է նաև որպես ԵՄ առաջատար երկիր, որի հետ համընդգրկուն համագործակցության զարգացումը շարունակում է ծանրակշիռ տեղ զբաղեցնել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նախագահը հույս է հայտնել, որ Իտալիան կշարունակի աջակցել ՀՀ-ԵՄ ընթացիկ օրակարգի իրականացմանը:

 

Հանրապետության Նախագահը կարևորել է 2012թ-ից հայ-իտալական երկկողմ հարաբերությունների օրակարգում իր ուրույն տեղն զբաղեցնող ռազմական փոխգործակցությունը' ընդգծելով, որ ռազմական ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով․ անցյալ նոյեմբերից 32 հայ խաղաղապահ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում, ինչը, ըստ Նախագահի, հիրավի, կարելի է համարել հայ-իտալական համագործակցության հաջողված օրինակ։

 

ՀՀ Նախագահը և Իտալիայի վարչապետը հանդիպմանը երկուստեք կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

 

Նշելով, որ հայ-իտալական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն առևտրատնտեսական հարաբերություններն են' զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին 4 տարվա ընթացքում, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն զգալիորեն մեծացել է: Ավելին՝ նախորդ տարվա ցուցանիշով, Իտալիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի 2-րդ առևտրային գործընկերն է (Գերմանիայից հետո): Սա, կողմերի համոզմամբ, վկայում է, որ ավելի լավ արդյունքների հասնելու լուրջ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ ջանքեր ներդնել:

 

ՀՀ Նախագահը և Իտալիայի վարչապետն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, այդ թվում' ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին:

 


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ որպես բարեկամ երկիր՝ Հայաստանի համար կարևոր է Իտալիայի շարունակական հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում։

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել նաև Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ:
Նախագահը բարձր է գնահատել հայ-շվեդական համագործակցությունը, որը, ըստ նրա, վերջին տարիներին նկատելի զարգացում է արձանագրել՝ նշանավորվելով արտաքին գերատեսչությունների ղեկավարների ակտիվ երկխոսությամբ, դեսպանությունների բացմամբ, բազմաբնույթ փոխայցերի իրականացմամբ:

 

ՀՀ Նախագահը և Շվեդիայի վարչապետը հայ-շվեդական համագործակցության օրակարգում կարևոր տեղ են վերապահել Հայաստան-ԵՄ հարաբերություններին և փոխգործակցությանը: Հանրապետության Նախագահն ընդգծել է Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահեղինակ երկրի դերակատարումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներն այսօր, ցավոք, դեռևս չեն համապատասխանում Հայաստանի և Շվեդիայի տնտեսական փոխգործակցության առկա մեծ ներուժին, որի ամբողջական բացահայտման համար, կողմերի համոզմամբ, անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել փոխադարձ շփումները, տեղեկատվության փոխանակումը, ձևավորել իրավական լիարժեք բազա, կազմակերպել գործարար համաժողովներ։

 

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

 

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

 

Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը կարևորել են բարեկամ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: