Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ելույթով հանդես եկավ նաև Սերժ Սարգսյանը: Խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին Նախագահը հայտարարեց, որ Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն' պատրաստել և ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ:

 

Սերժ Սարգսյանն իր ելույթում շատ թեթևակի նշեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանում առկա լարվածության մասին և ելույթը կազմեց միայն Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտի կոնտեքստում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ի պատասխան մեր նկատառմանն ասաց, որ միջազգային յուրաքանչյուր հարթակ պետք է օգտագործել համապատասխան նպատակով: Մենք չպետք է Ադրբեջանի նման անենք, օրինակ, կլիմայի փոփոխության վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ խոսենք «հայկական ագրեսիայի» մասին: Գագաթնաժողովում հարցը դրված էր նրանում, որ ներկայացվեր Հայաստանի հնարավորությունները կոնկրետ այս ոլորտում:

 

Նկատեց, որ շեշտված է հայկական կողմի խաղաղապահ պոտենցիալը, որտեղ կարիքը կա: Բացի այդ, ռազմական տարբեր համագործակցություններն ընդլայնելու, և մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի հետ ուժեղացնելու հնարավորություն է:

 

Պուտին-Օբամա հանդիպման ընթացքում չքննարկվեց մեր երկրի սահմանների անկայունության հարցը. քաղաքագետին հարցրինք՝ հնարավո՞ր է՝ սա այն բանի հետևանք է, որ դեռևս մտահոգության առիթ չէ միջազգային հանրության համար, պատասխանեց.

 

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները խոսել են առաջնային թեմաների շուրջ՝ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի մասին, և Լեռնային Ղարաբաղի հարցը, չեմ կարծում, եղել է այնքան կարևորված, որ այդ մակարդակի քննարկում կազմակերպվի:

 

Լեռնային Ղարաբաղն առաջնահերթ թեմա կամ անհանգստության առիթ չէ միջազգային հանրության համար: Սիրիայի և Ուկրաինայի ֆոնի վրա, թեպետ մեզ համար ցավալի, բայց այդ հարթությունում առաջնահերթ չէր»,- ասաց Սերգեյ Մինասյանը: