ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ձեռք բերած ընկերությունը շատ կարճ ժամկետներում առողջացնելու է ցանցը և կորուստները հասցնելու է նվազագույնի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները դիմել են հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանն այդ գործարքն իրականացնելու համար: «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ էր մեր կողմից: Համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում բոլոր կորուստները հասցվելու են նվազագույնի, քննվելու են բոլոր այն ֆինանսական չարաշահումներն ու թալանը, որոնց մասին դուք խոսում եք և եթե այդպիսի բաներ եղել են: Ես այս գործարքը համարում եմ շատ ճիշտ և ժամանակին»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ կառավարությունը և Սամվել Կարապետյանը մինչև 2016թ. օգոստոսի 1-ը 50/50 սկզբունքով փոխհատուցելու են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը: «Մենք սուբսիդավորելու ենք 604 հազար ընտանիքների: Ընդհանուր առմամբ' մենք ունենք 766 հազար ընտանիք բաժանորդներ: Տարվա կտրվածքով դա կազմելու է 7-8 միլիարդ դրամ գումար, որը մենք միասին վճարելու ենք: Դա մեծ օգնություն կլինի մեր հասարակությանը»,- հավելեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նաև հույս հայտնեց, որ դրանով սոցիալական որոշակի խնդիրներ կմեղմվեն: