Ո՞վ է սպանել Դավիթին, մեղավո՞ր էր արդյոք Մարիամը, ո՞վ էր Մարիամի երեխայի հայրը, ճակատագի՞ր, թե՞ մարդկային գործոն և ամենակարևորը՝ անսպասելի վերջաբան: Մի քանի ամիս շարունակ հեռուստադիտողին լարված ուշադրության մեջ պահող՝ «Բախտաբեր» հեռուստասերիալի վերաբերյալ այս և այլ հարցերի պատասխանները երեկ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ստանալու«Հայաստան» կինոթատրոնում՝ համանուն՝«Բախտաբեր» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: 



Դերասանական պրոֆեսիոնալ խաղ, անսպասելի լուծումներ, կորսված մարդկային կյանքեր, հուզիչ վերջաբան, իսկ դահլիճում հանդիսատեսի չդադարող ծափահարություններ: Այս ամենն էլ, սպասվում է, որ բախտաբեր կդառնան «Բախտաբեր» ֆիլմի համար: 

 

 

Ֆիլմը, որը խտացումն է 8 ամիս հեռուստաէկրաններից չիջած սերիալի գլխավոր հերոսների կյանքի, դիտողներին տալիս է բոլոր կիսատ մնացած հարցերի պատասխանները: 

Մինչ ֆիլմի ցուցադրությունը ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Բախտաբեր» հեռուստասերիալի, հետագայում նաև՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ Հարություն Մովսիսյանի հետ, ով մարմնավորել է Մարատ Մակարյանի կերպարը: 

 

 

Խոսելով ֆիլմի համար աշխատող թիմի մասին՝ Հարություն Մովսիսյանն ասաց. «Ես պետք է անուններ նշեմ. սցենարիստի Անահիտ Մխիթարյանի անունը, ով շատ տաղանդավոր հեղինակ է, ռեժիսորի՝ Վահե Սայանի անունը, մեր գլխավոր պրոդյուսերի՝ Էդգար Ավագյանի, պրոդյուսերի՝Աստղիկ Սարգսյանի անունները և առանձնացնեմ USArmenia-ն, որն ամիջական աջակցություն ունի. մշակութային ամբողջ գեղեցկությունն իր ձեռքերում է պահում:

 

 

Պետք է տամ նաև դերասանների՝ Սոս Ջանիբեկյանի, Սարգիս Գրիգորյանի, Էթերի Ոսկանյանիանունները: Բոլորը տաղանդավոր երիտասարդներ են: Ինձ համար հետաքրքիր է նրանց հետ աշխատելը, նրանց մոտեցումները:

 

 

Ողջունում եմ մեր խմբին, որը կարողացավ եռանդով աշխատել, որը կարողացավ սցենարային, դերասանական, կերպարային դժվարությունները հաղթահարել, բոլորս մի մարմին դարձանք, եթե այդ մի մարմինը չլինի, չի ստացվի, կինոնկարն այդպես է: Սերիալում և կինոյում մարդիկ պետք է լինեն համախոհներ»:

 

 

Անդրադառնալով նկարահանման ընթացքին՝ դերասանը նկատեց, որ թեև կերպարների իմաստով դժվարություններ կային, այնուամենայնիվ, նկարահանումները հանդարտ են ընթացել:

 

 

«Մենք նկատում էինք ժողովրդի հետաքրքրությունը, սերը: Մենք կարողացանք ժողովրդին շարժել: Հիմա նրանք սպասում են ավարտին: Որոշվեց, որ այսպիսի ավարտ կլինի, ոչ թե ձգձգվի, այլ միանգամից նկարահանվի, որ մարդիկ տեսնեն վերջաբանը: Հիմնականում ողբերգություն է, ամեն ինչ ավելի ծանր ու դրամատիկ, բայց դա էլ մարդկանց համար է: Աշխարհը միայն երջանիկ մարդկանցով չէ: Կան մարդիկ, ովքեր ունեն բարդություններ, ծրագրեր, որոնք դժվարությամբ են իրակականում, կա երեխաների բախտավորության հարց»,- նշեց դերասանը:

 

 

Խոսելով կոնկրետ իր դերի մասին՝ Մովսիսյանը շեշտեց, որ իր դերը կարևորագույններից է՝ այն առումով, որ ինքը ֆիլմում երեխաների հայրն է՝ սերունդների տարբերությունն է արտահայտված:Դերասանը տվեց նաև Սոֆի Դևոյանի անունը՝ նկատելով, որ վերջինս ֆանտաստիկ կերպով կարողացել է մարմնավորել մոր կերպարը: 

 

 

Հարություն Մովսիսյանի խոսքով՝ ֆիլմը սերիալի շարունակությունն է, և իր կարծիքով, պրոդյուսերի կողմից ճիշտ որոշում է կայացվել. պրոդյուսերը կարողացել է գուշակել, թե ինչ կարելի է անել: «Տեսնենք՝ հնարավոր է երկրորդ եթերաշրջան էլ լինի՝ կախված այն բանից, թե ինչպես կընկալվի ֆիլմը մարդկանց կողմից»: 



Սերիալի բարձր դիտողականությունն, ըստ Մովսիսյանի, շնորհիվ այն բանի է, որ «ներկայացված է իրական կյանքը, շատ տներ կան, որոնց պատմությունը ճիշտ այսպիսին է եղել, այսինքն՝ հնարած բան չէ, այսօրվա կյանքն է, ինչ կատարվում է աշխարհում, մենք ցուցադրում ենք էկրանին: Հավերժական թեմաներ են՝ հայրեր և որդիներ, ծնողներ և զավակներ»: 

 

 

Դերասանը վերջում կոչ արեց բոլորին՝ գալ, դիտել ֆիլմը, որովհետև դա մեծագույն հաճույք կլինի նրանց համար: 

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև դերասանուհի, սերիալում գլխավոր հերոսներից մեկի՝ Դավիթի մոր ընկերուհուն մարմնավորած Անժելա Սարգսյանի հետ: Դերասանուհին, խոսելով այն մասին, թե, ըստ իրեն, ինչո՞վ էր պայմանավորված առաջին եթերաշրջանում հեռուստասերիալի բացառիկ բարձր դիտողականությունը, առանձնացրեց մի քանի գործոն՝ լավ պրոդյուսեր, լավ ռեժիսոր, լավ սցենարիստ, լավ դերակատարներ: 

 

 

«Այս սերիալում պրոֆեսիոնալ դերասանների խումբ է աշխատում, ովքեր բոլորն էլ այլ սերիալներում գլխավոր դերեր են խաղացել և իրենց իսկ անցած ճանապարհով արդեն իսկ հետաքրքիր, կայացած դերասաններ են: Սցենարիստ, որն ապացուցել է, որ ինքը սերիալային ոլորտում լավագույններից մեկն է, մեր ռեժիսոր Վահե Սայանը, որն իր արած աշխատանքով ամուր ոտքերի վրա է կանգնած, կազմակերպում է հետաքրքիր նկարահանումներ: Եվ իհարկե գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանը, ով համախմբել է մեզ բոլորիս այս հիանալի նախագծի շուրջ… Սրանք են սերիալի հաջողության գրավականները»,- եզրափակեց Սարգսյանը: