ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ոստիկանության մի շարք ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների թվում քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր:
«Անձնագրային և վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվեց սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման և ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ»,-նշվում է հաղորդագրությունում: