ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառության կարգով իրեն փորձել է հարցազրույց վարողի դերում: Պետության ղեկավարի հարցերին պատասխանել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի գրող Մերիլին Ռոբինսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Նյու Յորք ռեվյու օֆ բուքս» հանդեսը, որը մասնագիտանում է գրականության, մշակույթի, գիտության և տնտեսության բնագավառում:

 

Սեպտեմբերի 14-ին Այովայի նահանգում կայացած զրույցի ձայնագրության համաձայն՝ ընտրությունը պայմանավորված էր Ռոբինսոնի նկատմամբ Օբամայի անձնական համակրանքով ու հիացմունքով: «Ինձ այնքան էլ հաճախ բախտ չի վիճակվում խոսել այն մարդկանց հետ, ովքեր ինձ հետաքրքրում են և դուր են գալիս: Դուք առաջինն էիք նման մարդկանց թվում»,- խոստովանել է նախագահը:

 

Նա բավականին մանրակրկիտ գրողին հարցուփորձ է արել նրա մանկության, ծնողների, գրքերի ու գրականության նկատմամբ սիրո մասին: Դրա հետ մեկտեղ Օբաման արծարծել է Ամերիկայի համար ցավոտ մի շարք թեմաներ, այդ թվում՝ կրթությունը, իրավապահ համակարգը և ուրիշներ:

 

Մերիլին Ռոբինսոնին համաշխարհային հռչակ են բերել «Ընտանեկան օջախ», «Գալաադ», «Տուն», «Լիլա» վեպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: