Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշում է կայացրել՝ կստեղծի կուսակցություն: Այդ կուսակցության ծրագրերի ու գաղափարների մշակման ուղղությամբ աշխատում է մեծ թիմ՝ Ռուսաստանից և Հայաստանից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ինքը՝ Աբրահամյանը:
Արա Աբրահամյանը, դիմելով լրագրողներին ասաց, որ ինքը գիտի՝ ըստ գործող Սահմանադրության իրավունք չունի վարչապետ կամ նախագահ դառնալու:
«Այդ հարցը ինձ միշտ տալիս են: Եթե ուզում եք ասել, որ գործող օրենսդրությամբ ես իրավունք չունեմ նախագահ դառմալու, ես այդ ամենի մասին գիտեմ, եթե ուզում եք ասել, որ ես իրավունք չունեմ նախագահ դառնալու, ես այդ ամենի մասին գիտեմ: Խնդիրը կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է, խնդիրը երկրի մասին է, հարցը թիմի ստեղծումն է: Ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Աբրահամյանը:
Խոսելով այն մասին, թե արդյոք ինքը ՀՀ քաղաքացի՞ է, Արա Աբրահամյանը նշեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ, և միշտ եղել եմ: Բա Մալիշկա եմ, բա որտեղի՞ց եմ, չհասկացանք: Միշտ էլ եղել եմ ՀՀ քաղաքացի: Տարեկան 18 անգամ լինում եմ Հայաստանում, շատ եմ սիրում հանգստանալ այստեղ, գնալ մեր գյուղը»: