Եվրոպական Միությունը միտված է զարգացնել փոքր և միջին ձեռնարկությունները ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Լյուդվիգ Չեխանովսկին: Նա հայտնեց, որ Եվրոպական Միությունը Հայաստանում սկսում է մասնավոր հատվածի կայուն զարգացմանն ուղղված ծրագիր։
«Մենք հաջորդ տարվանից նախագծերի մեծ փաթեթ ենք ունենալու, որն ուղղվելու է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Մենք մեր համագործակցությունը բրենդավորելու ենք, որը կոչվելու է «ԵՄ-ն հանուն բիզնեսի» ու մեր նախագծերի մեծ մասը այդ բրենդի տակ կգործի՝ ներառյալ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի հետ իրականացվելիք ծրագրերը: Բացի ՎԶԵԲ-ի հետ իրականացվելիք ծրագրից, կունենանք մի նախագիծ գերմանական գործընկերների հետ, որոնք ավելի շատ կաշխատեն իշխանությունների հետ ՓՄՁ-ների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու քաղաքականության իրականացման ոլորտում։ Ձեռնարկություններին օգնելու շատ գործիքներ ունենք և հուսով ենք, որ այդ գործիքներից կօգտվեն նաև հայ ձեռնարկատերերը»,- ընդգծեց Չեխանովսկին:
Նա նաև նշեց, որ եվրոպական ընկերություններ կան, որոնք կարող են ներդրումներ անել այս կամ այն մասնավոր ընկերության մեջ: Չեխանովսկին այս առումով կարևորում է բիզնես միջավայրի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ինչն էլ իր հետ բերում է ներդրումների հոսք: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները ակտիվորեն կաշխատեն այս ուղղությամբ: Մեր նպատակն է պատշաճ կերպով զարգացնել ՓՄՁ ոլորտը Հայաստանում»,-հավելեց Չեխանովսկին։
ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության խմբի ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առաջիկա երկու օրերին Երևանում անցկացվելու են դասընթացներ ֆինանսական ներդրումային քաղաքականության վերաբերյալ, որոնց կարող են մասնակցել ՓՄՁ-ները, վարկային կազմակերպությունները խորհրդատուները: «Դասընթացներն անցկացենոլւ Միացյալ Թագավորությունից հրավիրված խորհրդատու Գևին Ռայանի կողմից, ով անցյալ տարի էլ Հայաստանում դասընթաց է անցկացրել, որը հատուկ մշակված էր Հայաստանի ֆինանսական խորհրդատուների համար: Այս տարի էլ նա դասընթաց կանցկացնի Երևանում, որի հիմնական նպատակն է շահագրգիռ կողմերին հասու դարձնել ճիշտ ֆինանսական ներդրումային քաղաքականության իրականացման ուղիները»,- մանրամասնեց Աղաբեկյանը: