Կամչատկայում արջուկը, որն օդանցքում խցանվել էր իր կողմից ավերված մասնավոր տան խոհանոցից փախուստի փորձ անելիս, իսկական աստղ է դարձել սոցցանցերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտնել է Կամչատկայի երկրամասի զբոսաշրջության և արտաքին կապերի գործակալությունը:

 

«Ծուռթաթի մասնակցությամբ տեսագրությունն արվել է այն պահին, երբ մասնավոր տան տերերը վերադարձել են բնակարան և խոհանոցում տեսել են արջուկին: Նա, ականատեսների վկայությամբ, սողոսկելով օդանցքից, կերել էր ուտելի այն ամենն, ինչը կարողացել էր գտնել խոհանոցում»,- ասված է երկրամասի գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Տանտերերի կողմից դեպքի վայրում բռնված ծուռթաթը որոշել էր փախչել նույն այն ձևով, ինչպես որ տուն էր մտել: «Բայց, ամենայն հավանականությամբ, վատ չէր կերել և, ինչպես մուլտիպլիկացիոն ֆիլմի հերոս Վինի-Թուխը, որը նույնպես իրեն չէր խնայել հյուրասիրվելիս, երկար ժամանակ չէր կարողանում փողոց դուրս գալ: Մի քանի րոպե հետո դա նրան հաջողվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

«Ծուռթաթի մասնակցությամբ տեսագրությունը վերջին օրվա ընթացքում հազարավոր դիտումներ է հավաքել YouTube-ում, իսկ արջուկն ինքը դրա հետ մեկտեղ ստացել է Կամչատկայի Վինի-Թուխ մականունը»,- նշվում է մամուլի տեղեկագրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: