Այս պահի դրությամբ Հալեպում մոտավորապես 7-8 հազար հայ է ապրում:

 

 

Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՍԴՀԿ հայաստանյան վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը: «Ցավալի է, իհարկե, որ 40-հազարանոց հայկական համայնքից մնացել է ընդամենը 7-8 հազարը, և ամեն օր էլ այդ թվի նվազման միտումներ կան: Բայց եթե ամեն ինչ խաղաղ ընթացք ստանա, ոչ միայն Հայաստանից, այլ նաև Եվրոպայից շատ հայեր կրկին կտեղափոխվեն Հալեպ: Այնտեղ մարդիկ ունեն իրենց ունեցվածքը, տները: Կան շրջաններ, որոնք հիմա գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ, և մարդիկ չգիտեն և չեն կարող իմանալ, թե ինչ վիճակում են իրենց տները: Եթե այս հարցերը կարգավորվեն, ինձ թվում է, շատ մարդիկ կվերադառնան»,- ընդգծեց Մեսրոպյանը:

 

 

Նա նշեց, որ սիրիահայերը բացի Հայաստանից գաղթում են հիմնականում Եվրոպա և Հյուսիսիային Ամերիկա: «Հիմնականում գնում են Գերմանիա, Հոլանդիա, Ավստրիա, Շվեդիա, ինչպես նաև Կանադա»,- ասաց Մեսրոպյանը՝ հավելելով, որ կդժվարանա հստակ թվեր նշել, թե քանի սիրիահայ որ երկիր է գաղթել:

 

 

Վազգեն Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ Հայաստան գաղթած սիրիահայերին օգնություն տրամադրելու համար: Նա նշեց, որ սիրիահայերը Հայաստանում հիմնականում զբաղվում են մանր և միջին բիզնեսով: «Բացում են փոքր ռեստորաններ, վարսավիրանոցներ: Օրինակ, Կողբացի փողոցում 4 սիրիահայ արդեն իրենց սեփական բիզնեսն են դրել: Մարդիկ աշխատում են, իրենց ապրուստն ապահովելու համար ամեն ինչ անում են»,- եզրափակեց Մեսրոպյանը՝ հավելելով, որ սիրիահայեր են ապրում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: