Աշխարհի տարբեր երկրների հայ և օտարերկրացի ոսկերիչներ առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստանում կներկայացնեն իրենց գործերը: Հոկտեմբերի 24-ին Երևանի «Մերիսիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ Yerevan Show 2015 ոսկերչական ցուցահանդեսի բացումը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 26-ը: Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն Հայաստանից և արտերկրից: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

 

 

Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա հայ ոսկերիչների արդեն անընդմեջ 5-րդ ցուցահանդեսն է: «Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում տնտեսության վիճակը վատ է՝ հայ ոսկերիչները ժամանակ են գտնում, գալիս են հայրենիք, որպեսզի ցույց տան իրենց համախմբվածությունը: Ցավոք, այս անգամ ավելի քիչ ընկերություններ են մասնակցում ցուցահանդեսին, քանի որ որոշակի դժվարություններ են եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գևորգյանը:

 

 

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՀՀ-ում կայանալու է համաշխարհային ոսկերիչների կոնգրեսի ժողովը, որն աշխարհի ամենամեծ կոնգրեսն է՝ բաղկացած 40 ասոցիացիաներից: «Ուստի մեր երկիրը 2016 թվականին կդառնա աշխարհի ոսկերչական ինդուստրիայի կենտրոնը»,- ընդգծեց Գևորգյանը: Ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հյուրեր և մասնակիցներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թայլանդից, Թուրքիայից, Ղրղզստանից, Կանադայից, Իտալիայից և այլ երկրներից: «Մենք այս 5 տարիների ընթացքում կարողացել ենք ամեն տարի ավելացնել մասնակիցների քանակը, մեր ռեզոնանսն աշխարհով մեկ: Այսօր Yerevan Show-ն գտնվում է համաշխարհային բոլոր ցուցահանդեսների ռեեստրի մեջ: Այսինքն, ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է Yerevan Show-ն: Մենք այս հոյակապ էքսպո կենտրոնը ստեղծել ենք ընդամենը 1.5 տարվա ընթացքում և հնարավորություն ունենք այստեղ հրավիրել աշխարհի ամենամեծ ընկերություններին: Այստեղ կարող են տեղավորվել շուրջ 400-500 ընկերություններ: Մենք առաջիկայում էլ պետք է մեծացնենք մեր շարքերը և կարողանանք հրապուրիչ պայմաններ ստեղծել, որպեսզի տնտեսվարողներն ու գնորդները գան Հայաստան: Բոլորդ էլ գիտեք, որ Հայաստանում սպառման շուկան այ նքան էլ մեծ չէ: Այս ցուցահանդեսի հիմնական նպատակն այն է, որպեսզի մարդիկ կարողանան արտադրություն կազմակերպել և արտերկրից գնորդներ ժամանեն մեր երկիր: Մենք այսօր արդեն մեկ օդանավ գնորդներ ենք տեղափոխել ՀՀ' հիմնականում Ռուսաստանից, որպեսզի մարդիկ ապրանք գնեն ոչ թե Թուրքիայից, Թայլանդից, Չինաստանից, այլ հենց Հայաստանից, աշխարհում մեծ համբավ վայելողեր հայ ոսկերիչներից»,- ընդգծեց Գևորգյանը:

 

 

«Մերիդիան» էքսպո կենտրոնն ազատ տնտեսական գոտի է. կառավարության կողմից ստացել է հարկային արտոնություններ: Գագիկ Գևորգյանն ընդգծեց, որ դա դրսից ներդրումներ ներգրավելու հնարավորություն է տալիս: «Եթե պայմաններ չստեղծվեն, որևէ մեկն այստեղ չի գա: Եթե մենք կարողանանք ապրանքը վաճառել այնպիսի գներով, որ կարողանանք, օրինակ, Չինաստանի հետ մրցակցության մեջ մտնել, կկարողանանք վաճառել մեր ապրանքը, իսկ հակառակ դեպքում՝ մեկ-երկու անգամ կարտադրենք ու կկանգնենք: Դրա համար պետք է կարողանանք մրցակցային գներով վաճառել մեր ապրանքը: Այս տարածքու մ բիզնես բացող գործարարն ազատվում է հարկերից. վճարում է միայն աշխատավարձ և աշխատավարձի հարկ: Մեր նպատակը Հայաստանն արտադրող երկիր դարձնելն է: Մեր առջև հստակ խնդիր է դրված' Հայաստանում արտադրություն ստեղծել, որովհետև ամեն երկիրը հարուստ է իր արտադրությամբ և ֆաբրիկաներով: Ես հույս ունեմ, որ այս տարածքում աշխատող ֆաբրիկաները հաջողակ կլինեն»,- եզրափակեց Գևորգյանը:

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ ավանդույթ դարձած ցուցահանդեսը կարևոր հարթակ է և բացառիկ հնարավորություն' հայրենիքում համախմբելու արտերկրի և Հայաստանի ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչներին: «Ոսկեգործության ոլորտում մեր բազմադարյա պատմությունը և հայ ոսկերիչների հմտությունն ու վարպետության բարձր մակարդակը թույլ են տալիս վստահաբար ասել, որ այս ոլորտն ըստ արժանվույն է ներկայանում և բազմիցս արժանանում գնահատանքի աշխարհի տարբեր երկրներում: Yerevan Show ցուցահանդեսը, համադրելով դարավոր ավանդույթն ու համբավը և ե րկրում ու սփյուռքում առկա կարողությունները, ևս մեկ կարևոր քայլ է' հայ ոսկերչության ավանդույթներն ու դարավոր պատմությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար»,- ասաց նախարարը:

 

 

Ճշմարիտյանը բարձր գնահատեց նման միջոցառումների անցկացումը: «Կերտելով մնայուն արժեքներ, իսկ ոսկեգործության արտադրանքն, ըստ էության, մնայուն արժեք է, պահպանելով և տարածելով մեր մշակութային հարուստ ժառանգությունը՝ զուգահեռաբար նրանք իրենց ավանդն են ներդնում Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ոսկեգործության ոլորտը մշտապես գտնվում է Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ձեռնարկել ենք և ձեռնարկելու ենք գործուն քայլեր' Հայաստանը հայկական ոսկեգործության գլոբալ հանգույց դարձնելու համար»,- եզրափակեց նախարարը:

 

 

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց կատարեցին տարածքում, ծանոթացան ներկայացվող աշխատանքներին: