Հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը: «Բաց խաղ» 2015-ը միավորել էր Հայաստանի խաղային ինդուստրիայի սիրահարների, սկսնակ և փորձառու մասնագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և այլ հյուրերի:
Այս տարի համակարգչային և բջջային խաղերի առաջնության մասնակից 30 նախագծից եզրափակիչ փուլ անցան և ցուցահանդեսին ներկայացվեցին 10-ը:
Դավիթ Մկրտչյանի Drift Rivals խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D խաղ», իսկ Marimba թիմիSpace խաղը՝ «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում: Այս խաղերի հեղինակներն առաջնության գործընկեր Huawei ընկերության կողմից ստացան բջջային հեռախոսներ:
Գյումրիից Digital Pomegranate թիմը իր PlayLand Armenia նախագծով հաղթեց միանգամից երկու'«Լավագույն 2D խաղ» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում: PlayLand Armenia-ն առաջին առցանց խաղահրապարակն է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ մանուկների համար: Հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ: Այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար և անկախ լեզվական գիտելիքներից հնարավորություն է տալիս բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրել հայոց լեզուն ու մշակույթը:
«Ատոմ» թիմի Versus խաղն արժանացավ «Հատուկ մրցանակի»: Այն հաղթեց նաև առաջնության այցելուների քվեարկության արդյունքում ու նվաճեց «Ժողովրդական մրցանակ» տիտղոսը: Versus խաղն իրենից ներկայացնում է «Team Deathmatch» ոճի shooter, որի իրադարձությունները տեղի են ունենում Երևան քաղաքի փողոցներից մեկում։
«Լավագույն կրթական խաղ» անվանակարգում հաղթեց Այգեկի բնակիչ Վանիկ Սարգսյանը՝ իր «Միլիոնատեր» նախագծով:
Առաջնության հաղթող մասնակիցները կազմակերպիչներից ստացան գումարային պարգևատրումներ, բացի այդ Օրանժ Արմենիան անակնկալ մատուցեց 3 երիտասարդների՝ հնարավորություն ընձեռելով մասնագիտական վերապատրաստում անցնել ընկերությունում և ուղղակիորեն ներգրավված լինել պրոֆեսիոնալ թիմերի աշխատանքին:
Նշենք, որ «Բաց խաղ» առաջնության մասնակիցներն իրենց նախագծերը զարգացրել են փուլ առ փուլ՝ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ: Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ մասնավերապես Triada Studio, PicsArt, X-TECH, Underwater apps, ViViFi, Frismos, Plexonic, ԻՏՁՄ և Օրանժ Արմենիա ընկերություններից:
Առաջնության շրջանակներում ստեղծված խաղերը կարելի է գտնել ինչպես opengame.am կայքում, այնպես էլ Google Play-ում և App Store-ում:
Հավելենք, որ «Բաց խաղ» առաջնության նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, զարգացնել հայկական խաղային ինդուստրիան, նպաստել ՏՏ ոլորտում «Արտադրված է Հայաստանում» բրենդի զարգացմանը: «Բաց խաղ» առաջնությունը 5 տարի անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկերն է նաև Huawei ընկերությունը: