«Ղարաբաղում բռնության մասին» ԵԽԽՎ զեկույցին լուրջ վերաբերվելը մի փոքր տարօրինակ է։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությանը։ ԵԽԽՎ-ն մի շարք կարեւոր գործառույթներ ունի տարածաշրջանում եւ աշխարհի մյուս հատվածներում մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ «Ինչ վերաբերում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի վերոնշյալ զեկույցին, ապա նման գործողությունները կարող են ուղղակի վնաս հասցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին։ Իսկ ԵԽԽՎ-ն միջնորդության մանդատ չունի։ Ավելին՝ Ուոլթերը շուտով վայր է դնում ԵԽԽՎ-ում իր մանդատը, եւ շատ վատ է, որ իրենից հետո նման հետք է թողնում»,- հավելեց Նազարյանը։
Հարցին, թե նման նախաձեռնությունների պատճառը ԵԱՀԿ ՄԽ պասիվությունը չէ արդյոք, Նազարյանը հակադարձեց. «Ես այդպես չեմ կարծում։ Ընդհակառակը, մենք համանախագահ երկրների ինտենսիվ ջանքերի ականատեսներն ենք։ Ցավոք Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը»։