Փարիզում մի շարք ահաբեկչությունների ժամանակ ողջ մնացած մարդիկ AFP լրատվական գործակալությանը պատմել են, թե ինչ են ապրել այդ գիշեվա ընթացքում:

 

Ռադիոհաղորդավար Պիեր Ժանզակը ողբերգության պահին եղել է «Բատակլան» համերգասրահի պատշգամբում, որի այցելուներին ահաբեկիչները պատանդ են վերցրել: Ժանզակի խոսքով՝ նա գնացել է Eagles of Death Metal ռոք խմբի համերգին քրոջ և ընկերների հետ: Սկզբում նրանք չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում: Նրանք կարծում էին, որ կրակոցները շոուի մի մասն են:

 

«Սկզբում մենք մտածեցինք, որ դա շոուի մի մասն է, սակայն շատ արագ հասկացանք ամեն ինչ: Ամենուրեք արյուն էր և մարդկանց դիեր: Մարդիկ բղավում էին: Յուրաքանչյուր ոք փորձում էր փախչել այնտեղից», - ասել է ռադիոհաղորդավարը:

 

Նա հայտնել է, որ նրանք թաքնվել են զուգարանում, որտեղ երկու ժամ են անցկացրել: Այդ ընթացքում ոստիկանությանը հաջողվել է շենքի վրա գրոհ իրականացնել:

 

«Ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ քսան մարդու, և մենք լսել ենք, թե ինչ են նրանք խոսում: Ես հստակ լսեցի, որ նրանք ասում են. «Մեղավորն Օլանդն է՝ ձեր նախագահը, նա չպետք է ներխուժեր Սիրիա»:- Նրանք խոսեցին նաև Իրաքի մասին», - հիշում է նախկին պատանդը: