Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է Փարիզի ահաբեկչական գրոհներին մեղսակից, ևս մեկ ահաբեկչի ինքնություն: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով դատական աղբյուրի:

 

Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի 20-ամյա քաղաքացի Բիլյալ Հադֆին, այն երեք մահապարտներից մեկն էր, ովքեր իրենց պայթեցրել են «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ: Եվս մեկ ահաբեկիչ՝ 31-ամյա Իբրահիմ Աբդեսլամը, որի մասին հայտնի է դարձել ավելի վաղ, աղբյուրի տվյալներով, «մահապարտի գոտի» է գործի դրել Փարիզի Վոլտերի ծառուղում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը նրա եղբոր՝ Սալահ Աբդեսլամի հետախուզում է հայտարարել՝ Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով և հրապարակել է նրա լուսանկարը: Սալահ Աբդեսլամը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 15-ին Բրյուսելում: Բելգիական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ հետախուզվողի եղբայրը՝ Մոհամեդը, ձերբակալվել է նոյեմբերի 14-ի երեկոյան Բրյուսելի Մոլեմբեկ կոմունայում և գտնվում է կալանքի տակ: Երեք եղբայրները բնակվում էին Մոլեմբեկի վարչակազմի շենքի դիմաց գտնվող տանը:

 

Հաղորդվում էր նաև, որ մահապարտենրի թվում 29-ամյա Ֆրանսիայի քաղաքացի Իսմայիլ Օմար Մոստեֆան, որի ինքնությունը հաստատվել է «Բատակլան» թատրոնում հայտնաբերված մարմնամասերի փորձաքննության արդյունքում, նրա հայրն ու եղբայրն ավելի վաղ կալանքի տակ են վերցվել:

 

Ավելի վաղ սերբական «Բլից» թերթը հրապարակել է ևս մեկ ահաբեկչի՝ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամեդի անունը, որը Արևմտյան Եվրոպա է հասել Սերբիայի տարածքով: Մեկ այլ ահաբեկչի՝ Աբդուլակբակե Բ.-ի անունը հաղորդել է Le Figaro պարբերականը:

 

Նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք պատանդներ են վերցրել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ: