Երբ մեր երկրպագուները նման կերպ են վարվում, ապա մենք ստիպված ենք լինում բացատրություն տալ ողջ աշխարհին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը՝ անդրադառնալով Հունաստանի հավաքականի հետ ընկերական խաղում թուրք երկրպագուների խայտառակ վարքին՝ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեին:
«Երկրպագուները չպետք է նման կերպ վարվեին: Երբ մեր երկրպագուները նման կերպ են վարվում, ապա մենք ստիպված ենք լինում բացատրություն տալ ողջ աշխարհին: Միթե չի կարելի րոպեի ընթացքում հարգանք դրսևորել այլոց նկատմամբ: Կարծում եմ՝ եթե նման ժեստ լիներ մեր երկրի հանդեպ, ապա այն ոչ-ոքի դուր չէր գա: Չի կարելի նման կերպ վարվել, եթե չենք ցանկանում, որ սպորտն էլ դառնա ահաբեկչության հերթական զոհ»,- այս մասին մարզիչն ասել է TV8-ի եթերում: