Երեկ Ազգային ժողովում պատգամավոր Էդմոն Մարուքյանը բյուջետային անհարկի ծախսերի մասին խոսելիս տեղին հիշեցրեց նաև, որ այս տարվա հոկտեմբերի 7-ին ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կողմից ավտոմեքենաների ապակիների մգացման համար ծախսվել է 80 հազար դրամ:

 

Օրինակ, ես չեմ կարծում, որ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունն այն նշանակության կառույցն է, որի աշխատակիցները, թեկուզ ղեկավարը, սեփական անվտանգության խնդիր կարող է ունենալ և դրանից ելնելով՝ մգացված ապակիներով ավտոմեքենայով շրջելու պահանջ: Կարծես թե՝ մարդիկ մի փոքր գերագնահատում են իրենց նշանակությունը:

 

Իհարկե, նրանք կարող են ասել, որ դա մեծ ծախս չէ, ընդամենը 80 հազար դրամ է, սակայն 80 հազար դրամը մեկ մարդու աշխատավարձ է, այն դեպքում, երբ 2016-ին աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Եվ եթե հաշվենք, թե քանի տեղ ու որքան այդպիսի 80 հազար դրամներ են աննպատակ ծախսվում, ապա կտեսնենք, որ կառավարությունն իրականում կարող էր ավելի արդյունավետ տնօրինել բյուջետային միջոցները:

 

 

Կարեն Վարդանյան