Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումն ունեցել է կրկնակի ավելի դիտում, քան հաղորդումը սովորաբար ունենում է վերջին ժամանակներս: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Deadline.com-ի տվյալներով՝ նոյեմբերի 17-ին «Քոնան-Հայաստան» հեռուստաշոուն դիտել է 1.04 միլիոն մարդ, որոնցից 666 հազարը, ովքեր հաղորդմանը հետևել են անմիջապես հեռարձակման ժամանակ, գովազդատուների համար ցանկալի 18-49 տարիքային սահմանում են: Մյուս 317 հազարը, ովքեր տարբեր տարիքային սահմաններում են, դիտել են պրեմիերային հաջորդած կրկնությունը: Նրանցից 226 հազարը ևս 18-49 տարեկան են:
Այս թիվը չի արտացոլում նոյեմբերի 17-ին հաջորդած դիտումները, այդ թվում և առցանց ցուցադրությունները՝ ներառյալ «Քոնան» շոուի պաշտոնական էջը համարվող teamcoco.com-ում:
Նախքան Հայաստանի մասին պատմող հաղորդման ցուցադրութունը Քոնանը զանգահարել էր «Ասպարեզ» պարբերականի խմբագրություն՝ զրուցելով խմբագիր Արա Խաչատուրյանի հետ: Խոսելով Հայաստանում նկարահանումների մասին՝ նա ասել էր. «Ես 22 տարի է՝ հեռուստատեսությունում եմ, սակայն այս էպիզոդը միակն է, որով այսքան հպարտ եմ: Ես երբեք նման հեռուստաշոու չէի նկարահանել: Կարծում եմ՝ այն շատ իրական էր: Հպարտ եմ ողջ շոուով: Սա շատ մարդկային պատմություն է»:
Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումն արդեն հասանելի է համացանցում: Հաղորդման հեղինակ և վարող Քոնան Օ’Բրայենն իր օգնականին՝ Սոնա Մովսեսյանին բերում է հայրենիք՝ Հայաստան, որտեղ էլ սկսվում են նրանց արկածներն ու բացահայտումները: Հաղորդման վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր Huffington Post պարբերականը գրել էր. «Ամերիկյան հայտնի շոումեն Քոնան Օ'Բրայենի «Քոնան» հեռուստաշոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումը ոչ միայն լավ կզվարճացնի բոլոր հեռուստադիտողներին, այլև կդիպչի հոգու նուրբ լարերին»:
«Քոնան» շոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումը ներկայացնում է, թե ինչպես է Քոնանն իր արդեն 6 տարվա օգնականի՝ Սոնա Մովսեսյանի ընտանիքին հայտնում, որ ցանկանում է նրան իր հետ տանել Հայաստան:
Այստեղ նրանք այցելում են մայրաքաղաք Երևանի տեսարժան վայրեր, լինում են հայկական շուկայում, որտեղ Քոնանը փորձում է վաճառողների հետ խոսել հայերեն՝ մեջբերելով այնպիսի արտահայտություններ, ինչպես «Ջիգյարդ ուտեմ», «Մեռնեմ ջանիդ» և այլն:
Էրեբունի-Երևան տոնակատարությունների օրն ականատես է լինում կենտրոնում կազմակերպված մեքենաների ցուցադրությանը, սիրիահայ երիտասարդների հետ մասնակցում է երևանյան գլխավոր համերգին: Հայաստանի մյուս շրջաններ այցելության ժամանակ նա տեսնում է հայ հովիվների և զարմանում՝ ինչու նրանք ավանդական հովվի հագուստ չեն կրում: Փոխարենը դա անում է հենց ինքը՝ Քոնանը:
Նա նկարահանվում է հայկական «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի դրվագներից մեկում, ծանոթանում հայկական գորգերին, լավաշի և տնական օղու պատրաստման գործընթացին:
Քոնանի և Սոնայի՝ Հայաստան կատարած այցի ամենահուզիչ պահը Հայոց ցեղասպանության հուշամալիր այցելությունն է, որտեղ Սոնան իր ընտանիքի պատմությունը պատմելիս չի կարողանում զսպել արցունքները: Նա նշում է, որ իր ընտանիքը պատմական Հայաստանի Սեբաստիա նահանգից է: Սոնան ընդգծում է, որ կցանկանար այստեղ վերադառնալ իր ընկերների ու ընտանիքի հետ՝ հավելելով, որ ցանկության դեպքում Քոնանը ևս կարող է միանալ իրենց: