Նոր և հետաքրքիր՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համար համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման ծրագիր է նախատեսել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը:
Հաշվի առնելով համակարգիչներից օգտվելու ժամանակակից պահանջները և այդ գիտելիքների անհրաժեշտությունը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նախաձեռնել է մեծահասակների համակարգչային տարրական գիտելիքների ձեռբերման դասընթաց:
Մեծահասակները հաճախ զգուշանում են համակարգչից և ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաև մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելուհամար: Այս դասընթացին մասնակցելու արդյունքում մեծահասակները հնարավորություն կունենան ինքնուրույն հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն), կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով և այլն:
Դասընթացին միանալու համար համակարգչային գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այս դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու որևէ գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն մեծ ցանկություն ձեռք բերելու համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում:
Դասընթացին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից:
Կենտրոնը գործում է 2011թ նոյեմբերից: Այն տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով: