Ամբողջ օրը ամեն ինչից բողոքելու և ամեն ինչում միտումնավոր բացասականը փնտրելու համար խելքներս տեղը չի: Նույնիսկ դրական գործընթացների մեջ հասարակությունը, համենայն դեպս այն հատվածը, որի մտքերը մեզ հասանելի են սոցիալական ցանցերի միջոցով, փորձում է էլի վատը փնտրել, եթե վատը չկա՝ նույնիսկ հորինել: Օրինակ 9 հոգանոց զինված խումբ են ուժայինները վնասազերծել, որոնց մոտ բավականաչափ զենք ու պայթուցիկ սարքեր են եղել: Բնական է, որ այդ զենքերը հենց այնպես չէին հավաքի մի տեղ, բնական է, որ դա նախատեսված էր մի տեղ օգտագործելու համար: Եվ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ ու ինչի համար, այլ կարևորն այն է, որ արդյունքում կլինեին տուժածներ, զոհեր, մարդկային ողբերգություններ, և դա կանխվեց, այլևս դա չի լինի: Ցանկացած նորմալ առողջ հասարակությունում այս փաստով միմիայն կուրախանային, կհպարտանային: Մի՞թե վատ է, որ երկրի ուժային կառույցները իրենց տեղում են, աշխատում են, ապահովում են մեր անվտանգությունը:

 

 

Պարզվում է, որ կան մարդիկ, ում դա էլ չի գոհացնում, այդտեղ էլ կարելի է դժգոհելու, նույնիսկ ծաղրելու թեմաներ գտնել: Դեռ այս անգամ լավ ենք պրծել, որ հանցագործներին չեն հերոսացնում և չեն ներկայացնում որպես «ռեժիմի դեմ պայքարի առաջամարտիկներ»:
Ընդհանուր առմամբ, մենք պետք է ուրախ լինենք, որ մեր երկրում այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք լավ են աշխատում, որ ուժային կառույցները՝ անկախ հնչող տարբեր ոչ ադեկվատ գնահատականներից և մի շարք ընդդիմադիրների ու ակտիվիստների դժգոհություններից, պրոֆեսիոնալ են, որ անկախ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրներից՝ մենք այստեղ կարող ենք մեզ համեմատաբար ավելի ապահով զգալ, որ մեր երկիրն անվտանգության առումով աշխարհի երկրների ցանկում առաջնային տեղերից է զբաղեցնում: Եկեք բացի վատից լավն էլ նկատենք:

 

 

Կարեն Վարդանյան