Անցյալ շաբաթն անցավ ահաբեկչության դեմ պայքարի նշանաբանով:
Ֆրանսիայի գործող նախագահի համար դա դարձել է օրակարգային անհրաժեշտություն: Օլանդը փորձում է մեծ կոալիցիա ձևավորել̀ կամուրջ դառնալով ՆԱՏՕ-ի երկրների ու «թանկագին Վլադիմիրի միջև»: Փարիզի ջանքերը տեսականորեն կարող էին հաջողել, եթե չլիներ ռուսական ինքնաթիռի կործանման պատմությունը: Ի դեպ, ոմանք ասում են, որ Անկարան մտածված է գնացել նման կտրուկ քայլի' «սառը պատերազմի» չեղարկումն անհնար դարձնելու համար: Թեև, հանուն արդարության, խոստովանենք, որ առճակատումը դարձել է ռուսական ու արևմտյան կրեատիվ ռեսուրսից զուրկ էլիտաների կենսունակության աղբյուրը:
Բայց վերադառնանք ահաբեկչության դեմ պայքարին, որը հաճախ ոչ թե բովանդակություն է, այլ̀ բրենդի պես մի բան:
Դեմոկրատական երկրներում այն հարմար ձևակերպում է կառավարման անարդյունավետությունը քողարկելու համար: Նույն Օլանդը ձախողվել է ներքին քաղաքականության, շատերի կարծիքով̀ նաև արտաքին քաղաքականության մեջ ու հիմա հանդես է գալիս միջնորդի, հաշտարարի հավակնոտ առաքելությամբ̀ թեև այդ դերին չեն ձգում ոչ Օլանդի խարիզման ու ոչ էլ̀ Ֆրանսիայի այսօրվա հեղինակությունը:
Ռուսաստանի տիպի երկրներում ահաբեկչության կազմակերպիչն ընտրվում է Պուտինի «անհարմար» հակառակորդների ցանկից:
Ղարաբաղյան հակամարտությունը ճակատագրորեն կապել է Հայաստանին ու Ադրբեջանին' նաև ներքին զարգացումների առումով:
Ոչ մի բանական մարդ չի ասում, որ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը պետք է ավելորդ հումանիզմ դրսևորեն, երբ այդ քանակի զենք է հայտնաբերվում: Անիմաստ է պնդել, որ Ադրբեջանում չկան ծայրահեղ իսլամի հետևորդներ: Ուղղակի «օրինաչափորեն» ապօրինի զենքն ու ծայրահեղականությունը մեր երկրներում հայտնաբերվում են նախընտրական կամ հետընտրական շրջաններում, երբ ընդդիմադիրներին թիրախավորելու անհրաժեշտություն է լինում:
Արժեքային իմաստով ̀ Սարգսյանի ու Ալիևի իշխանություններն իրենցից բան չեն ներկայացնում, բայց աշխարհում նրանց «բարի աչքով» են նայում, երբ վերջիններս պայքարում են ահաբեկչության դեմ: Այդ ժամանակ կարելի է անգամ հանրաքվե ու ընտրություն կեղծել̀ արժանանալով միջազգային խրախուսանքի:
Ահաբեկչության դեմ պայքարը կամ դրա իմիտացիան' դարձել են լեգիտիմություն ձեռք բերելու միջոց:
Այնուամենայնիվ, մենք ադրբեջանցիներից քաղաքակիրթ ենք. Երևանում մի ամբռղջ զինապահեստ վնասազերծվեց' առանց քերծվածքի, իսկ Բաքվի արվարձանում վեց մարդ զոհվեց' հավատացյալների հետ քաշքշուկի հետևանքով:
Սուրեն Սուրենյանց