Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը ժողովրդին կոչ է արել դեկտեմբերի 1-ի հանրահավաքին գնալ տաք հագուստով և սնունդով. «Մենք հրավիրում ենք փողոց՝ հստակ նպատակ ունենալով չվերադառնալ տուն՝ մինչեւ չձերբազատվենք այս ոճրագործ, կեղեքող համակարգից»:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ՝ ճշտելու, թե ինչպես է վերաբերվում վաղվա հանրահավաքին, հնչող անհնազանդության կոչերին.
«Անհնազանդության կոչերին տեղյակ չեմ: Իսկ հանրահավաքին նորմալ եմ վերաբերվում. նորմալ է, որ սահմանադրական բարեփոխումները չընդունող քաղաքական ուժերն իրենց գործողություններն իրականացնեն»,- ասաց Սաֆարյանը:
Անդրադառնալով Սէֆիլյանի կոչին, թե հանրահավաքի մասնակիցները սնունդ և տաք հագուստ վերցնեն իրենց հետ, Սաֆարյանն ասաց. «Դա արդեն տևական բողոքի ակցիայի մասին է խոսում: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ քաղաքական գործընթաց է, սպասենք կոչերին և գործողություններին, նոր կկարողանամ մեկնաբանել»:
Հարցին, թե ի՞նչ կտա հանրահավաքը, կկարողանա՞ն 4-5 օրվա պայքարով որևէ բան փոխել մինչ դեկտեմբերի 6-ը, կամ պահել ձայները տեղամասերում, Սաֆարյանն ասաց.
«Իմ դիտարկումներով` ժողովրդի ներսում կա շատ սպոնտան և շատ լուրջ «ոչ»: Թե ինչքանով կկարողանան պահել այդ ձայները, չեմ կարող ասել, որովհետև կազմակերպչական հարցերից տեղյակ չեմ, ինչպես ուժերը կկարողանան ազդել ձայները պահելու գործընթացի վրա, չեմ կարող ասել, ինչպես նաև չեմ կարող ասել, թե ինչ են անում ուժերն, հասարակությանը տված իրենց խոստումները պահելու համար, իսկ դա մենք կտեսնենք դեկտեմբերի 7-ին»:
Գայանե Համբարձումյան