Ձմռան առաջին օրը Րաֆֆի Հովհաննիսյան-Ժիրայր Սեֆիլյան զույգի ղեկավարած «Նոր Հայաստանի» ու իշխանության վարքագծում առկա էր հեղափոխական վիճակի տրամաբանություն:

 

Սահմանափակվել էր մարդկանց հոսքը մարզերից Երևան: Հանրահավաքի մասնակիցների թիվը չէր գերազանցում երկու հազարը, սակայն հավաքվածների էներգետիկան տպավորիչ էր, հռետորների ելույթները՝ արմատական: Քաղաքապետարանը չի արտոնել վրանների տեղադրումն Ազատության հրապարակում, բայց Սեֆիլյան-Հովհաննիսյան զույգը չհրաժարվեց շուրջօրյա նստացույցից, ակցիաներից: «Հեղափոխականության» դրսևորում են նաև ընդդիմության այս հատվածի ու ոստիկանության կոշտ հակադարձումները:

 

Մյուս կողմից՝ ավելի շատ առկա է հեղափոխության իմիտացիա, քան իրական հեղափոխություն: Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ հասարակությունն անտարբեր է թե՛ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի և թե՛ իշխանափոխության, հեղափոխության կոչերի հանդեպ:

 

Տեսանելի է նաև, որ «Նոր Հայաստանում» չունեն հեղափոխական զարգացումների որևէ պլան: Պատահական չէ, որ «խելագարված ամբոխները» Բաղրամյան պողոտան չգրոհեցին՝ փոխարենը ոստիկանության հետ գնացին առճակատման ոչ էական հարցի շուրջ. քաղաքական գործընթացն անլրջացնելու «հարուստ փորձ» ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի դիմաց, իսկ ոստիկանությունը դա համարում էր սադրանք:

 

Շուրջօրյա հանրահավաքային շարժման կազմակերպիչներին հաջողվեց ցույց տալ նույնիսկ ընդդիմության ֆորմալ միասնականությունը: Երեկ հանրահավաքային հարթակի տերերը Ժ. Սեֆիլյանն ու Ր. Հովհաննիսյանն էին, սակայն ելույթներ ունեցան նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Սա դեռ ընդդիմության որակական միասնություն չի նշանակում, որովհետև պարզ չէ' արդյոք դեկտեմբերի 3-ին մեկտեղվելո՞ւ են «Նոր Հայաստանի» ու ՀԱԿ հանրահավաքները, արդյոք այդ օրն Ազատության հրապարակ գալո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե այո, ապա ո՞րն է լինելու շարժման մարտավարությունը, ո՞վ է առաջնորդելու այն:

 

Ազդարարված հեղափոխության առաջին օրն ավելի շատ էր աղմուկ, քան իրական գործընթացը: Դրանով հանդերձ՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի միապաղաղությունը վերացավ, ինչը, թերևս, երեկվա միակ դրական միտումն էր, իրադարձությունը:

 

Սուրեն Սուրենյանց