Մեծ Բրիտանիան, որը նախօրեին միացել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ օդային հարվածներին, կարող է ահաբեկիչների հաջորդ թիրախը դառնալ, հայտնում է CNN հեռուստաալիքը:

 

Հեռուստաալիքի տվյալներով, որը հղում է անում հետախուզությունում աղբյուրներին՝ այժմ ահաբեկիչների շարքում կա Մեծ Բրիտանիայի մոտ 700 բնակիչ, որոնք կարող են վերադառնալ երկիր և այնպիսի ահաբեկչություններ իրականացնել, ինչպես դա արվեց Փարիզում նոյեմբերի 13-ին:

 

Հատկանշական է, որ հետախուզության անհանգստությունները կիսում են նաև բրիտանացիները: Համաձայն հարցումների՝ երկրի բնակչության 43%-ն իրեն ավելի քիչ պաշտպանված է զգում Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց հետո և միայն 20%-ն է իրեն ավելի պաշտպանված զգում: Ընդ որում՝ 54%-ն աջակցել է գործողություններին, դեմ է արտահայտվել 46%-ը:

 

Խոսելով Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններից՝ CNN-ը հայտնել է, որ ահաբեկիչների հետքը կորել է: Լրատվամիջոցը նկատի ունի, որ իրավապահ մարմինները չեն կարողանում գտնել բոլոր մեղավորներին։